Կուսակցությունների պարտադիր աուդիտի ֆինանսավորման համար նախատեսվում է բյուջետային վերաբաշխում․ ինչ փոփոխություն է առաջարկվում

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, ինչպես նաև կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և կառավարության որոշումներում՝ ապահովելու կուսակցությունների պարտադիր աուդիտի ֆինանսավորումը։ Այդ նպատակով առաջարկվում է իրականացնել բյուջետային վերաբաշխում՝ 17,95 մլն դրամ ուղղելով կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ծրագրին։

Փոփոխությունների նպատակն է ապահովել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացումը և դրա ֆինանսավորման պատշաճ կազմակերպումը։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք), ինչպես նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել Սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, իսկ Օրենքի 40.2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է, որ «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը։ (…)»:

Հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները՝ Հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 36-րդ կետով սահմանվել է աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի գնի որոշման մեթոդաբանությունը: Ըստ մեթոդաբանության՝ «Պայմանագրի գինը որոշվում է հիմք ընդունելով սահմանված ժամկետում աուդիտորական կազմակերպություններից ստացված գնային առաջարկների միջնարժեքը (մեդիան), որը հավասար է ստացված գնառաջարկների՝ ըստ աճման կարգավորված շարքի հավասար մասերի բաժանման արդյունքում զույգ թվով շարքի դեպքում՝ 2 կենտրոնական արժեքների միջին թվաբանականին, իսկ կենտ թվով շարքի դեպքում՝ կենտրոնական արժեքին (կիսորդին)։»:

Պայմանագրի գնի որոշման համար Հանձնաժողովը կուսակցություններից պահանջել և ստացել է աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները, որոնք տրամադրվել են աուդիտորական կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկներ:

Հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2025 թվականի տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ.

N Կուսակցության անվանումը Պայմանագրի արժեքը ՀՀ դրամ  
 
1 «Վերածնվող Հայաստան» 1 470 000  
2 «Հայ Յեղափոխական դաշնակցություն» 3 780 000  
3 «Բարգավաճ Հայաստան» 2 400 000  
4 «Հանրապետություն» 1 960 000  
5 «Քաղաքացիական պայմանագիր» 8 340 000  
  Ընդամենը 17 950 000  

Համաձայն «Գնումների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքների վրա այդ օրենքի գործողությունը չի տարածվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծով սահմանված կարգավորումները ուղղված են Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ն որոշման հավելվածի 5-րդ՝ «Իրավունք և արդարադատություն» գլխի 5.5-րդ՝ «Կոռուպցիայի դեմ պայքար» բաժնով սահմանված նպատակների իրագործմանը:

Ի՞նչ է առաջարկվում

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտի ֆինանսավորման գումարը նվազեցվում է կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությանը հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարից, իսկ վերոնշյալ կուսակցություններին հատկացվող պետական ընդհանուր ֆինանսավորման գումարները հատկացվել են ՀՀ Ազգային ժողովին, ուստի ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է 08.04.02 ՀՀ ազգային ժողովի  «12002. Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառման գծով նախատեսված ծախսերի 4819 «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածից 17,950.0 հազար ՀՀ դրամը վերաբաշխել 01.06.01 «1181. Կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում» ծրագրի «11001. Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգի զարգացում» միջոցառման 4235 «Կառավարչական ծառայություններ» հոդվածին:

Ֆինանսական ազդեցություն

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Ի՞նչ արդյունք է ակնկալվում

Նախագծի ընդունմամբ Հանձնաժողովը հնարավորություն կունենա ապահովելու վերոնշյալ օրենսդրական ակտերով պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը:

Leave a Comment