Աննախադեպ շոգը կաթվածահար է արել Գերմանիայի խոշոր քաղաքները՝ բնակիչներին ստիպելով անցնել գիշերային կենսակերպի, հայտնում է Bild պարբերականը։ Ցերեկային ժամերին Բեռլինի, Մյունխենի և Համբուրգի փողոցներն ու հայտնի վայրերը պարզապես ամայանում են. մարդիկ գերադասում են մնալ տներում։
Քաղաքներում իրական ակտիվություն նկատվում է միայն մթնշաղին. երբ տապը սկսում է նահանջել, զբոսայգիները, առափնյա հատվածներն ու բացօթյա սրճարանները մարդկանցով լցվում են անգամ կեսգիշերից հետո։
Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունը (DWD) Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մյոքերն-Դրևից բնակավայրում գրանցել է 41,5°C ռեկորդային շոգ։ Երկրի միանգամից 46 կայաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանի սահմանագիծը, իսկ ևս 250 դիտակետերում թարմացվել են պատմական մաքսիմումները։
