Միացյալ Նահանգները խախտել է Իրանի հետ ստորագրված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ, և Թեհրանը կարձագանքի յուրաքանչյուր խախտման։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
«Տարածաշրջանում իր լիազոր ուժերի գործողություններին աջակցելով (նկատի ունենալով Իսրայելի գործողությունները Լիբանանում – խմբ.), Միացյալ Նահանգները խախտել է հուշագրի առաջին կետը, իսկ Հորմուզի նեղուցում լարվածությունը շարունակելով՝ խախտել է հինգերորդ կետը։ Հուշագրի ցանկացած խախտման պատասխանը կլինի արագ և ջախջախիչ», – գրել է նա իր նամակում։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երեկ հաստատել է, որ հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Հաղորդագրության համաձայն, ամերիկյան ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի պահեստներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։ Իսլամական Հանրապետությունը, իր հերթին, հայտարարել է, որ պատասխանել է ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարձակվելով։