Հայաստանի և Ուզբեկստանի միջև նախատեսվում է կնքել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր, որը կկարգավորի ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումները։ Նախագիծը նպատակ ունի խթանել երկկողմ տնտեսական համագործակցությունը, բարելավել տրանսպորտային կապերը, նվազեցնել լոգիստիկ ծախսերը և ստեղծել դեպի Կենտրոնական Ասիա ավելի արդյունավետ առևտրային ուղիներ։ Այս մասին Iravaban.net-ը, տեղեկանում է Կառավարության չզեկուցող նախագծից։
Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուզբեկստանի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքմամբ ակնկալվում է՝
- կարգավորել երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը,
- խթանել ապրանքների, ծառայությունների և մարդկանց ավելի սահուն տեղաշարժը ողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրներն էլ չունեն ելք դեպի ծով, տրանսպորտային կապերի բարելավումը կօգնի մեղմել լոգիստիկ մարտահրավերները և նվազեցնել տրանսպորտային ծախսերը,
- ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը՝ խթանելով քաղաքական և տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև։ Բացի այդ, Հայաստանի համար դեպի Կենտրոնական Ասիա ավելի ամուր ուղիների ստեղծումը կարող է ծառայել որպես այլընտրանքային առևտրային միջանցք՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական ուղիներից և բարձրացնելով նրա տնտեսական ճկունությունը։
Համաձայնագրով նախատեսված դրույթները համապատասխանում են ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների միջազգային համաձայնագրերով և պայմանավորվող կողմ պետությունների օրենսդրություններով սահմանված պահանջներին:
Համաձնայնագրի ստորագրումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Կառավարության 18 նոյեմբերի 2021 թվականի N 1902-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 4-րդ կետի (4․5 ենթակետ) շրջանակներում նախատեսվող Երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդման և ՀՀ տնտեսական շահերի առաջմղման նպատակով ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին։
Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։
Ելնելով վերոնշյալից և հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է կնքել Համաձայնագիրը, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։