Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված արդարացի փոխհատուցումների վճարման միասնական կարգը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է գործող գործընթացի ամբողջական իրավական կարգավորման բացակայությամբ և դրա գործնական իրականացման ընթացքում առաջացող դժվարություններով։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախագծի հիմնավորման համաձայն՝ ներկայում սահմանված ժամկետում արդարացի փոխհատուցումը ստանալու համար դիմումատուները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթեր, սակայն գործնականում դրանք հաճախ ներկայացվում են ոչ ամբողջական կամ ուշացած, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը չի կարողանում ապահովել վճարումների իրականացումը սահմանված ժամկետներում։ Բացի այդ, ազգային օրենսդրությամբ բացակայում է արդարացի փոխհատուցումների վճարման հստակ ընթացակարգային կարգավորումը։
Վերոնշյալ խնդիրների հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել սահմանել Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով նախատեսված արդարացի փոխհատուցումների վճարման համար պահանջվող փաստաթղթերի ներկայացման և վճարման իրականացման միասնական կարգ, որի ընդունումը բխում է «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորող նորմից։
Կարգավորման նպատակը
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման, այն ստանալու նպատակով ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է կարգավորել Եվրոպական դատարանի վճիռներով կամ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման տրամադրման գործընթացը, արդարացի փոխհատուցման վճարման կազմակերպման և իրականացման հստակ ընթացակարգը, ինչպես նաև այն փաստաթղթերի սպառիչ ցանկը, որոնք անհրաժեշտ են դիմումատուի, նրա ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից արդարացի փոխհատուցումը ստանալու համար։
Մասնավորապես, Նախագծով սահմանվում են Եվրոպական դատարանի վճիռների կամ որոշումների ուժի մեջ մտնելուց հետո վճարման գործընթացի կազմակերպման և իրականացման շրջանակներում կատարվող գործողությունների հաջորդականությունը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության և այլ ներգրավված ստորաբաժանումների լիազորությունները։
Նախագծով սահմանվում են անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման եղանակները՝ էլեկտրոնային և/կամ թղթային ձևերով, ներկայացվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվող պահանջները, օտար լեզվով կազմված փաստաթղթերի պատշաճ հայերեն թարգմանությամբ ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացուցչության և իրավահաջորդության դեպքերում ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի շրջանակը։
Նախագծով առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվում այն դեպքերի համար, երբ արդարացի փոխհատուցումը սահմանված է մի քանի դիմումատուների օգտին որպես միասնական գումար, և դիմումատուն լիազորում է այլ անձի ստանալ արդարացի փոխհատուցումը, ինչպես նաև այն դեպքերի համար, երբ դիմումատուն մահացել է և փոխհատուցման իրավունքն անցել է նրա իրավահաջորդներին։
Բացի այդ, Նախագծով նախատեսվում է կարգավորել ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման, դրանց ամբողջականության և համապատասխանության ստուգման ընթացակարգերը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք իրականացվում են փաստաթղթերի թերի կամ ոչ պատշաճ ներկայացման դեպքում։
Նախագծով կարգավորվում են նաև այն բացառիկ իրավիճակները, երբ Եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ արդարացի փոխհատուցման հստակ ձև և (չափ) չի սահմանվել, կամ երբ վճռով նախատեսված փոխհատուցման ձևի իրականացումը գործնականում անհնար է։ Նման դեպքերում Հայաստանի Հանրապետությունը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ՝ Նախարարների կոմիտե) համապատասխան պրակտիկան և չափանիշները, կարող է առաջարկել համարժեք այլընտրանքային փոխհատուցում կամ Նախագծով սահմանված դեպքերում առաջարկվող գումարը փոխանցել նոտարի դեպոզիտ հաշվին։
Նախագծով նաև սահմանվում են վճարման փաստը հավաստող տեղեկատվության և փաստաթղթերի փոխանցման ընթացակարգերը, ինչպես նաև Նախարարների կոմիտեին համապատասխան տեղեկությունների տրամադրման մեխանիզմները՝ Եվրոպական դատարանի վճիռների և որոշումների կատարման նկատմամբ իրականացվող միջազգային վերահսկողության շրջանակներում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի միասնական, հստակ և կանխատեսելի իրավակարգավորման անհրաժեշտությամբ։ Ներկայումս նշված գործընթացը մանրամասն կարգավորված չէ, ինչի հետևանքով գործնականում առաջանում են փաստաթղթերի ներկայացման, վճարման կազմակերպման, պետական մարմինների միջև գործառույթների բաշխման և Նախարարների կոմիտեի հետ հաղորդակցության հետ կապված հարցեր։ Նախագծի ընդունումը կնպաստի այդ հարաբերությունների հստակեցմանը, վճարումների ժամանակին և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական դատարանի վճիռներից բխող պարտավորությունների պատշաճ կատարմանը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղակիորեն չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։