Հայաստան կներմուծվի 5 հազար տոննա գլուխ սոխ՝ առանց մաքսատուրքի

ՀՀ կառավարության քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 18-ից մինչև հունիսի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած քվոտայի շրջանակում Հայաստան ներմուծել մինչև 5 հազար տոննա գլուխ սոխ՝ առանց ներմուծման մաքսատուրքի վճարման։ Նախագծի նպատակը ԵԱՏՄ որոշման պահանջների կատարումն ու ներմուծման գործընթացի կարգավորումն է։ Այս մասին Iravaban.net-ը, տեղեկանում է Կառավարության չզեկուցող նախագծերից։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 5,0 հազ․ տոննա չափով գլուխ սոխի սակագնային արտոնություն, ներմուծման մաքսատուրքի ազատման պայմանով։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գլուխ սոխի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված 2026 թվականի ապրիլի 18 – ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ գյուղատնտեսական ապրանքի Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի  № 904 – Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

Կարգավորման նպատակը և բնույթը

2026 թվականի մարտի 13-ի ԵՏՀԽ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ բանջարեղենի որոշակի տեսակների մասով փոփոխություններ կատարելու մասին № 38 որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտոգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համգարծակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

 Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Leave a Comment