Միացյալ Նահանգները հայտարարել է Լիբանանի զինված ուժերի կարողություններն ամրապնդելու մտադրության մասին, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն հաստատել իրենց ինքնիշխանությունը: Այս դրույթը ներառված է Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Եռակողմ շրջանակային ծրագրում», որը հրապարակվել է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Լիբանանի կառավարությունը պարտավորվում է իրագործել բանակի ներուժի մեծացման խիստ ծրագիր՝ երկրի ներսում լիարժեք ռազմական վերահսկողություն ապահովելու համար: ԱՄՆ ցանկացած նոր օգնություն խստորեն պայմանավորված կլինի ստուգելի փուլերով և լիարժեք թափանցիկությամբ:
Նախատեսվում է, որ «Հըզբոլլահի» զինաթափումից հետո լիբանանյան բանակը փուլ առ փուլ անվտանգության պատասխանատվությունը կվերցնի հատուկ «պիլոտային գոտիներում»: Սա թույլ կտա իսրայելական ուժերին փուլ առ փուլ դուրս բերել զորքերը: Մինչ այդ Իսրայելը և Լիբանանը, ԱՄՆ միջնորդությամբ, ստորագրել էին համաձայնագիր, որով առաջին փուլում Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիտանի գետի հյուսիսային և հարավային շրջաններից:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեհիել Լեյտերը նշել է, որ Իսրայելը կպահպանի բուֆերային գոտին Լիբանանի հարավում այնքան ժամանակ, քանի դեռ լիբանանյան բանակը ցույց չի տվել «Հըզբոլլահ»-ը ջախջախելու կարողությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որն ի թիվս այլնի նախատեսում է 60-օրյա հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Այնուամենայնիվ, Իսրայելն ու Լիբանանը բազմիցս մեղադրել են միմյանց հրադադարը խախտելու մեջ, ինչի պատճառով Իրանը մի քանի անգամ հայտարարել է Հորմուզի նեղուցի արգելափակման մասին: Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները սկսվել են հունիսի 23-ին և տևել չորս օր:
