Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման

Ամերիկյան ուժերը հարվածել են Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման


 

1lurer. ԱՄՆ զինված ուժերը հարված է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման: Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ ամերիկյան ինքնաթիռները հարվածել են հրթիռների և անօդաչուների պահման վայրերի, ափամերձ ռադարային կայանների:


 


Հունիսի 25-ին Օմանի մերձակայքում հարվածի էր ենթարկվել Սինգապուրի դրոշով նավարկող բեռնանավը, որը փորձում էր դուրս գալ Հորմուզի նեղուցից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար, իսկ Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին ներդրվել է առանց Թեհրանի հետ համակարգման:


 


ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը միջադեպը որակել է Իրանի ուժերի կողմից առևտրային նավագնացության դեմ «անհիմն ագրեսիա» և «հրադադարի ակնհայտ խախտում»՝ հավելելով՝ ամերիկյան ուժերը կշարունակեն համակարգել նեղուցով ապահով անցումը:


 


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի խախտել Իրանի հետ ստորագրված հուշագրի պայմանները:


 


«Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիր։ Մենք հարգել ենք այն։ Եթե նրանք անհամաձայնություններ ունեն փոխըմբռնման հուշագրի կիրառման վերաբերյալ, կարող են զանգահարել։ Բայց բռնությունը կարժանանա բռնության»,- նշել է նա:


 


Իրանից հայտնել են, որ արկով հարվածի է ենթարկվել հարավային Սիրիկ քաղաքի նավահանգստի հատվածը: Ըստ պետական ԶԼՄ-ների՝ նավահանգիստը չի վնասվել և շարունակում է բնականոն գործունեությունը:


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment