Հայաստանի արտաքին պարտքի թեման վերջին տարիներին դարձել է ոչ միայն տնտեսական քննարկումների, այլև տեղեկատվական մանիպուլյացիաների առարկա։ Սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում հաճախ կարելի է հանդիպել հայտարարությունների, թե «Հայաստանը խեղդվում է պարտքերի մեջ», «պարտքն աննախադեպ չափերի է հասել» կամ նույնիսկ՝ «Հայաստանն աշխարհի ամենամեծ պարտք ունեցող երկրներից է»։ Սակայն տնտեսագետներն ու վերլուծաբանները նշում են, որ միայն պարտքի բացարձակ չափի մասին խոսելը կարող է մոլորեցնող լինել, եթե այն չի դիտարկվում տնտեսության ընդհանուր ծավալի, բնակչության թվի և միջազգային համեմատությունների համատեքստում։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ արտաքին պարտքի մասին ցանկացած քննարկում պետք է հիմնված լինի ոչ թե առանձին թվերի, այլ տնտեսական ցուցանիշների ամբողջական վերլուծության վրա։
«Երբ մարդիկ լսում են միլիարդավոր դոլարների մասին, բնականաբար դա տպավորիչ է հնչում։ Սակայն պարտքի չափն ինքնին ոչինչ չի ասում, եթե այն չենք համեմատում երկրի համախառն ներքին արդյունքի, տնտեսական աճի և պարտքի սպասարկման հնարավորությունների հետ»,- նշում է տնտեսագետը։
Հայաստանի արտաքին պարտքը հաճախ ներկայացվում է որպես բացառիկ երևույթ, սակայն համաշխարհային պատկերն այլ է։ ԱՄՆ-ի պետական պարտքը վաղուց անցել է 36 տրիլիոն դոլարի սահմանը։ Ճապոնիան համարվում է աշխարհում ամենաբարձր պարտք ունեցող երկրներից մեկը՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ։ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը նույնպես ունեն հարյուրավոր միլիարդավոր դոլարների պետական պարտք։ Թուրքիան, Հնդկաստանը, Ռուսաստանը և Չինաստանը ևս ակտիվորեն օգտվում են արտաքին և ներքին պարտքային գործիքներից՝ տնտեսական ծրագրեր ֆինանսավորելու համար։
Սակայն տնտեսագետների կարծիքով՝ այս թվերի պարզ համեմատությունը նույնպես կարող է մոլորեցնել։
Տնտեսական վերլուծաբան Սուրեն Պարսյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում հաճախ օգտագործվում է հենց այս մեթոդը՝ մարդկանց մոտ տագնապ առաջացնելու համար։
«Կարելի է վերցնել ցանկացած մեծ թիվ և այն ներկայացնել աղետալի տեսքով։ Սակայն նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան նույնպես սնանկության եզրին են, ինչը, ակնհայտորեն, չի համապատասխանում իրականությանը։ Պարտքն ինքնին վատ երևույթ չէ։ Հարցն այն է, թե ինչ նպատակներով է այն օգտագործվում և որքանով է տնտեսությունը կարողանում այն սպասարկել»,- ասում է նա։
Վերջին տարիներին հայկական տեղեկատվական դաշտում հաճախ տարածվել են հրապարակումներ, որտեղ Հայաստանի արտաքին պարտքը համեմատվում է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ։ Սակայն նման համեմատությունները, ըստ մասնագետների, հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում, քանի որ այդ երկրները բազմակի անգամ ավելի մեծ տնտեսություններ և բնակչություն ունեն։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ պարտքի մասին ապատեղեկատվությունը հաճախ կառուցվում է մարդկանց վախերի վրա։
«Տնտեսական թեմաները բարդ են, և շատ մարդիկ չեն խորանում մանրամասների մեջ։ Հենց դրանից էլ օգտվում են մանիպուլյատորները՝ ներկայացնելով առանձին թվեր և դրանք դուրս բերելով համատեքստից։ Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է տպավորություն, թե ցանկացած պարտք ինքնաբերաբար աղետ է»,- նշում է տնտեսագետը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պարտքը տնտեսական քաղաքականության բնական գործիքներից մեկն է։ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և նույնիսկ Չինաստանը մեծածավալ պարտքային միջոցներ են օգտագործում ենթակառուցվածքային ծրագրերի, արդյունաբերության զարգացման և տնտեսական աճի խթանման համար։
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարի խոսքով՝ «պարտքը վտանգավոր է ոչ թե իր գոյությամբ, այլ այն դեպքում, երբ տնտեսությունը չի կարողանում ապահովել դրա կայուն սպասարկումը»։
Մեր հարցին, թե ինչու են պարտքի մասին թեմաները հաճախ դառնում ապատեղեկատվության թիրախ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանում է.
«Տնտեսական թեմաները շատ հարմար են մանիպուլյացիաների համար, քանի որ մարդկանց մեծ մասը չի աշխատում թվերի հետ։ Եթե որևէ մեկը գրի, որ պարտքն աճել է մի քանի միլիարդ դոլարով, շատերը դա կընկալեն որպես աղետ, առանց հասկանալու՝ ինչ է նշանակում այդ թիվը երկրի տնտեսության մասշտաբով։ Այդ պատճառով տնտեսական ապատեղեկատվությունը հաճախ ավելի ազդեցիկ է լինում, քան քաղաքական հայտարարությունները»։
Reuters Institute for the Study of Journalism-ի հետազոտողները նույնպես նշում են, որ տնտեսական թեմաներով հրապարակումները հաճախ կառուցվում են վախի և սենսացիայի վրա։ Մասնագետների կարծիքով՝ «ճգնաժամ», «կործանում», «անվերադարձ պարտքեր» և նմանատիպ արտահայտությունները ավելի արագ են տարածվում սոցիալական ցանցերում, քան հավասարակշռված վերլուծությունները։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ արտաքին պարտքի մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք.
«Կարևոր է հասկանալ, թե պարտքը որքան է ՀՆԱ-ի նկատմամբ, ինչ տեմպերով է աճում տնտեսությունը, որքան արդյունավետ են օգտագործվում ներգրավված միջոցները և որքան մեծ է երկրի պարտքի սպասարկման կարողությունը։ Միայն այդ դեպքում կարելի է մասնագիտական գնահատականներ տալ»։
Փորձագետների կարծիքով՝ արտաքին պարտքի մասին տարածվող կեղծ կամ մանիպուլյատիվ տեղեկությունները կարող են վնասել ոչ միայն հասարակական տրամադրություններին, այլև տնտեսական վստահությանը։ Իսկ տնտեսական վստահությունը ցանկացած երկրի զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։
Ինչպես նշում են տնտեսագետներ Ատոմ Մարգարյանը, Թաթուլ Մանասերյանը, Սուրեն Պարսյանը, ինչպես նաև մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արտաքին պարտքի մասին քննարկումները պետք է հիմնված լինեն փաստերի և համապարփակ վերլուծության վրա, այլ ոչ թե վախի և աղմկահարույց վերնագրերի։ Տնտեսական թվերը կարող են տարբեր պատմություններ պատմել, սակայն դրանց ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ են ոչ միայն թվեր, այլև համատեքստ, մասնագիտական գնահատականներ և մեդիագրագիտություն։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։