
Հնագետների միջազգային խումբը Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել է նախկինում անհայտ մայաների քաղաք, որը, գիտնականների կարծիքով, թաքնված է մնացել ավելի քան հազար տարի, հաղորդում է Mirror-ը։
Բացահայտումը կատարվել է Կամպեչե նահանգի Կալակմուլ կենսոլորտային արգելոցում՝ սլովենացի և մեքսիկացի հետազոտողների համատեղ արշավախմբի ժամանակ: Նոր հնագիտական վայրն անվանվել է Մինանբե, որը յուկատեկական մայաների լեզվով նշանակում է «ճանապարհ չկա»: Այդպես են անվանել քաղաքը, քանի որ այն գտնվում է չափազանց դժվարամատչելի տեղանքում։
Հետազոտության ընթացքում հնագետները հայտնաբերել են մոտավորապես 13 հեկտար տարածք զբաղեցնող քաղաք: Նախնական տվյալներով՝ այն կառուցվել է մ.թ. 600-ից 900 թվականներին: Մինանբեի տարածքում պահպանվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Ռիո Բեկ ճարտարապետական ոճով 13 մետրանոց բուրգ, ինչպես նաև քարե բարձրաքանդակներ, որոնք պատկերում են ջրի խորհրդանիշներ և գլխատման տեսարաններ: