Իսրայելը կմնա Լիբանանի հարավային անվտանգության գոտում․ Նեթանյահու – armeniatoday.am

Իսրայելի պաշտպանության ուժերը կմնան Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում՝ համաձայն Բեյրութի հետ շրջանակային համաձայնագրի և կպահպանեն վերահսկողությունը տեղում մինչև «Հեզբոլլահի» զինաթափումը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նեթանյահուի խոսքով՝ ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև բանակցությունները հրեական պետության համար «մեծ նվաճում են»։

«Ամենակարևորն այն է, որ Իսրայելը մնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում։ Սա մեծ նվաճում է, և մենք կաջակցենք դրան մինչև «Հեզբոլլահի» զինաթափումը, քանի դեռ Իսրայելի պետության համար սպառնալիքը մնում է», – տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետը։

Հունիսի 26-ին Իսրայելն ու Լիբանանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի հովանու ներքո լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլն ընթացել էր Վաշինգտոնում հունիսի 23-25-ը:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր 4230 մարդ, վիրավորվել՝ 12 179-ը։ Մարտերի ընթացքում զոհվել էր 32 իսրայելցի զինվոր և քաղաքացիական 4 անձ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը և Միացյալ Նահանգները Շվեյցարիայում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև մարտական ​​գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ։

Leave a Comment