Հայկական դպրոցը հայտնվել է աշխարհի լավագույնների տասնյակում

Հայկական դպրոցը հայտնվել է աշխարհի լավագույնների տասնյակում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը ճանաչվել է աշխարհի լավագույն դպրոցներից մեկը՝ ընդգրկվելով կրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակաբաշխություններից մեկի՝ «World’s Best School Prizes 2026»-ի («2026թ. աշխարհի լավագույն դպրոցներ» մրցանակ) «Supporting Healthy Lives» («Առողջ ապրելակերպի խթանում») անվանակարգի լավագույն տասնյակում։

Radar Armenia-ի հետ զրույցում համալիրի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ այս հաղթանակը յոթ տարվա աշխատանքի արդյունք է. «Մենք բացվել ենք 7 տարի առաջ։ Ես  Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնն էի զբաղեցնում, երբ ստացա այս հիմնարկի ղեկավարի պաշտոնի առաջարկը։ Կարելի է ասել՝ հիմնադիր տնօրենն եմ»,- ասաց նա՝ հավելելով, որ կարճ ժամանակում շուկայում դարձել են առաջատարներից մեկը.

«Կրթահամալիրը սաների թվով 2-րդն է Հայաստանում, զիջում է միայն «Ա․ Շիրակացուն»։ Նշեմ, որ 2024թ. ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև, որը 2025թ. վավերացվեց, և, արդեն մեկ տարուց ավելի, մենք միակն ենք Հայաստանում, որը կրթությունն իրականացնում է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի չափանիշներով»,- շեշտեց պարոն Գրիգորյանը։

Նշենք, որ «World’s Best School Prizes» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է բրիտանական «T4 Education» միջազգային կրթական ընկերության կողմից, համարվում է դպրոցական կրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային նախաձեռնություններից մեկը։

Այն միավորում է աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունները և նպատակ ունի բացահայտել ու արժևորել դպրոցներ, որոնք նորարարական մոտեցումներով, արդյունավետ կրթական լուծումներով և հասարակության վրա ունեցած դրական ազդեցությամբ ձևավորում են ժամանակակից կրթության լավագույն փորձը։

Ալեքսանդր Գրիգորյանը վստահեցրեց, որ ամբողջ պատմության մեջ սա 2-րդ դեպքն է, երբ Հայաստանի հանրակրթական հաստատությունը մասնակցում է և մտնում լավագույն տասնյակ։ «2023-ին ֆիզմաթ դպրոցն էր մասնակցել և հայտնվել տասնյակում։ Նոմինացիան կոչվում էր «Դժվարությունների հաղթահարում»։ Մենք այլ նոմինացիայով մասնակցել ենք արդեն 3 տարի։ Մեր նոմինացիան եղել է առողջ ապրելակերպի խթանումը»,- հավելեց նա։

Նշենք, որ թոփ տասնյակում են նաև Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Վիետնամի, Պակիստանի, Լիբանանի, Էկվադորի և մի քանի այլ երկրների դպրոցներ. «Արաբական Միացյալ Էմիրություններից շատ լուրջ մրցակից ունենք։ Տրամաբանությունն այն է, որ մենք արդեն հաղթող ենք, քանի որ մտել ենք թոփ 10։ Հետագայում իրականացվում է նաև առցանց քվեարկություն։ Արդեն 50 դպրոցից ընտրվում է մեկ դպրոց, որը որոշվում է ընդհանուր քվեարկության արդյունքում»,- ընդգծեց համալիրի տնօրենը։

Հավելենք, որ Հայաստանի համար սա պատմական արդյունք է, քանի որ սա 2-րդ դեպքն է, երբ հայկական դպրոցը պատվով ներկայացնում է կրթական համակարգը միջազգային ասպարեզում։

Leave a Comment