Radar-Զրույցի այսօրվա հյուրն է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում հետընտրական իրավիճակը՝ Գաբրիելյանը պատասխանեց․
«Իրականում զարմանալի է, որ ընդդիմությունը խոսում է ընտրակեղծիքների մասին, որովհետև փաստացի իրավական գործընթացներ կան, որոնք ապացուցում են, որ ընդդիմությունը համակարգային ընտրակաշառք է բաժանել։ Դեռ ահագին ձայնագրություններ են հրապարակվելու, և այդ տեսանկյունից շատ ողջունելի է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի հետևողականությունը»։
Գաբրիելյանի խոսքով՝ իրենք կառավարություն ձևավորելու հանրային մանդատ են ստացել և շարժվելու են այդ ճանապարհով։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հետընտրական լարվածություն՝ Գաբրիելյանն այսպես պատասխանեց․
«Հետընտրական լարվածությունը, կարծում եմ, բացարձակապես համացանցում է և մասնավորապես՝ Ֆեյսբուքում։ Դրանից դուրս՝ ռեալ կյանքում, ես անձամբ հետընտրական լարվածություն չեմ զգում, բայց, միանշանակ, զգում եմ այն, որ կառավարող ուժը մեծ աշխատանք ունի անելու։ Այդ աշխատանքը պետք է հետևողականորեն առաջ տանել և իրագործել այն օրակարգերը, որոնց մասին բարձրաձայնել ենք»։
Հարցին, թե ինչու ընդդիմությունը հետընտրական գործընթացների չի դիմում, Գաբրիելյանն ասաց․
«Դա հենց հիմնական ապացույցն է, որ վստահության քվեների բավականին մեծ մաս ստացել են գումարի և ընտրակաշառքի հաշվին։ Ինչո՞ւ, որովհետև փողոցներում չեն կանգնում, բողոքում կամ պայքարում բացարձակապես։ Իսկ փողով մարդկանց փողոց բերելը չի կարող երկարաժամկետ գործընթաց լինել, որտեղ դու կարող ես ունենալ նպատակներ ու օրակարգեր, որոնք ուզում ես իրագործել։ Ընդդիմությունը, ի սկզբանե, կարծում եմ, պլանավորել էր, որ, այնուամենայնիվ, X քանակի վստահության քվեներ է ստանալու և, գնալով Ազգային ժողով, ստանձնելու է այդ մանդատները՝ խորհրդարանական ընդդիմության դերը կատարելով այնպես, ինչպես կարող է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
