Իրանի հետ համաձայնելով՝ ԱՄՆ-ն քանդում է Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքը․ Գանտահարյան

Իրանի հետ համաձայնելով՝ ԱՄՆ-ն քանդում է Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքը․ Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը։

– Ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ-Իրան ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ նպաստեցին այս հարցով համաձայնության գալուն։

– Այս համաձայնությունն ավելի շատ բանակցությունների մեկնարկ է։ Հրադադար է, որը կհանգեցնի օրակարգի համաձայնեցված կետերի քննարկմանը։ Կողմերը գնացին այս քայլին, որովհետև, մի կողմից, Իրանն ուզում էր վերագործարկել նավթարդյունաբերությունը, իսկ ԱՄՆ-ն ուզում էր մասնաբաժին վերցնել իրանական էներգակիրների արտահանումից՝ վերահսկելով նաև էներգիայի՝ դեպի Չինաստան տանող ճանապարհը։

– Նշվում է, որ սա 60-օրյա համաձայնություն է․ արդյո՞ք ավելի երկար ժամկետով էլ կարելի է համաձայնություն ակնկալել։

– Խոսքը փուլային բանակցային գործընթացի մասին է։ Մինչ այդ, սակայն, կվերանա ծովային տոտալ պաշարումը, ու հետզհետե, նոր կանոններով կվերագործարկվի Հորմուզի նեղուցը։ Մնացյալը, կարծում եմ, ածանցյալ է այս հիմնական խնդրից։ Իրանը փուլ առ փուլ կապաշրջափակվի, պատժամիջոցները կվերանան, և Իրանի ներգրավումը համաշխարհային շուկա կլինի ամերիկյան կանոններով։ Միտումը սա է։

– Հորմուզի նեղուցը բաց է, սակայն եղել են նաև միջադեպեր․ ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը կասեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման իր գործողությունն այն բանից հետո, երբ նավերից մեկը հայտնել է հարձակման մասին։ Սա լոկա՞լ դեպք է, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ կլինեն նման միջադեպեր՝ ժամանակավոր փակումներ և վերաբացումներ, մինչև կնքվի մեծ գործարքը, և բոլոր մանրամասները կճշտվեն։ Այս ամենը տանում է դեպի նոր շրջափուլ, դեպի տարածաշրջանի քաղաքական-տնտեսական քարտեզի վերագծում։

– Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցողն ինչպե՞ս կանդրադառնա նաև ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման վրա։

– Ուշագրավ է, որ ԱՄՆ-Իրան գործարքային հանգրվանի ճշտմանն առընթեր թեժացան Կիև-Մոսկվա ռազմական «հարաբերությունները»։ ԱՄՆ-ն, Իրանի հետ պայմանավորվելով, փորձում է կոտրել Չինաստան-Ռուսաստան-Իրան առանցքը։ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող գործողությունները պետք է դիտարկել նաև այդ համատեքստում։

– Ի՞նչ եք կարծում՝ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը կլարվի՞, թե՞ ոչ։

– Լարված իրավիճակը կշարունակվի։ ԱՄՆ-ն դեռևս ՌԴ-ին ներգրավված կպահի այս պատերազմում։ Մոսկվա-Կիև հավանական համաձայնությունը կայանալու է ԱՄՆ-ի կողմից ճշտված պահին՝ ամերիկյան կանոններով։

– Արդյո՞ք ԱՄՆ-ն կվերադառնա ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորմանը։

– Չի բացառվում։ Չեմ կարծում, սակայն, որ դա կլինի մոտ ժամանակներս։ Ռազմական ստատուս քվոն խախտելու ժամանակը դեռևս չի հասունացել։

Արման Գալոյան

Leave a Comment