«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երեկ Պետրոս Ղազարյանի հյուրն էի Հ1-ում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձանք նաև Սահմանադրական դատարանում 2026 թ. ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճի շրջանակներում ՍԴ որոշ դատավորների՝ գործին մասնակցելու անհնարինության հարցին։ Հարց հնչեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ։ Ուզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այդ հարցին։ Ընդդիմության որոշ ուժեր, «Ազատություն» ռադիոկայանի և որոշ «անվանի սահմանադրագետների» պատրաստակամ աջակցությամբ, դարձյալ ընկել են Սեդա Սաֆարյանի հետևից։
Ասում են՝ քանի որ Սեդա Սաֆարյանը Քոչարյանի դեմ գործով տուժող կողմի փաստաբանն է եղել, ուրեմն նրա մասնակցությունն անհնար է։ Հարգելիներս, դուք այդ գործով մյուս դատավորների կենսագրությունները կարդացե՞լ եք։ Գիտե՞ք գոնե, որ, օրինակ, դատավոր Հովակիմ Հովակիմյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք աշխատել է նրա աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես խորհրդատու։
Կամ որ Երվանդ Խունդկարյանը ժամանակին հենց Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով է նշանակվել վերաքննիչ դատարանի դատավոր, կամ որ Արթուր Վաղարշյանն աշխատել է Գագիկ Ղազինյանի ղեկավարած իրավաբանական ֆակուլտետում՝ այն նույն Գագիկ Ղազինյանի, որի որդին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից պատգամավորության թեկնածու է։ Եթե Սեդայի հարցը բարձրացնում եք, մյուսների հարցն էլ առաջ քաշե՛ք․ թող ՍԴ-ի ամբողջ կազմն այդ գործով չզբաղվի, գործը փակեն, մենք էլ վերադառնանք մեր ամենօրյա գործերին»։
