Հայկական առցանց տիրույթում դժվար է գեթ մեկ օր անցկացնել առանց հերթական «հրաշք բուժման» մասին հրապարակման հանդիպելու։ «Բուժում է շաքարախտը», «մաքրում է օրգանիզմը», «վերացնում է հոդացավերը», «բժիշկները թաքցնում են այս գաղտնիքը»․ նման վերնագրերով նյութերն ու տեսանյութերը հազարավոր դիտումներ են հավաքում՝ մարդկանց խոստանալով արագ և հեշտ լուծումներ։
Առաջին հայացքից դրանք սովորական գովազդներ են թվում, սակայն մասնագետների կարծիքով խնդիրը շատ ավելի խորն է։ Երբ մարդը վստահում է նման տեղեկատվությանը, նա հաճախ սկսում է ինքնաբուժությամբ զբաղվել, հրաժարվում է մասնագիտական օգնությունից կամ հետաձգում բժշկին դիմելը։ Այդ պահից ապատեղեկատվությունը դառնում է ոչ միայն տեղեկատվական, այլև առողջական վտանգ։
Հատկապես սոցիալական ցանցերի զարգացմանը զուգընթաց այս երևույթը նոր թափ է ստացել։ Սոցիալական կայքերում՝ Facebook-ում, TikTok-ում և YouTube-ում կարելի է հանդիպել բազմաթիվ տեսանյութերի, որտեղ տարբեր մարդիկ պատմում են, թե ինչպես են «մի քանի օրում» ազատվել ծանր հիվանդություններից։ Հաճախ հրապարակումները ուղեկցվում են «մինչև» և «հետո» լուսանկարներով, հուզական պատմություններով և նույնիսկ հայտնի բժիշկների անուններով, որոնք իրականում որևէ կապ չունեն տվյալ նյութի հետ։
Բժիշկ-թերապևտ Քրիստինե Բադալյանի խոսքով՝ նման տեղեկատվությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել մարդկանց առողջության համար։
«Ամենացավալին այն է, երբ հիվանդը կորցնում է ժամանակը։ Բժշկության մեջ կան հիվանդություններ, որոնց դեպքում ժամանակին սկսված բուժումը որոշիչ նշանակություն ունի։ Երբ մարդը մի քանի շաբաթ կամ ամիս հավատում է համացանցում տեսած «հրաշք միջոցներին», հիվանդությունը կարող է խորանալ, և հետագայում բուժումը դառնալ ավելի բարդ»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ ամենից հաճախ մարդիկ հավատում են այնպիսի խոստումների, որոնք չափազանց լավ են հնչում։
«Եթե որևէ նյութ խոստանում է մի քանի օրում բուժել այնպիսի հիվանդություններ, որոնց բուժման համար անհրաժեշտ են ամիսներ կամ տարիներ, արդեն իսկ պետք է կասկած առաջանա։ Բժշկության մեջ հրաշքներ չեն լինում, կան գիտականորեն ապացուցված մեթոդներ և մասնագիտական մոտեցումներ»,- ընդգծում է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դեռևս COVID-19-ի համավարակի տարիներին զգուշացնում էր, որ կեղծ բժշկական տեղեկատվությունը կարող է տարածվել ոչ պակաս արագ, քան հիվանդությունները։ Կազմակերպությունը նույնիսկ շրջանառության մեջ մտցրեց «ինֆոդեմիա» եզրույթը՝ նկարագրելու համար կեղծ և չստուգված առողջապահական տեղեկատվության զանգվածային տարածումը։
Մեդիա հետազոտող և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով մարդկանց համար առողջության թեման առանձնահատուկ զգայուն է, և հենց դա է դարձնում նրանց ավելի խոցելի։
«Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, մարդիկ հաճախ առաջնորդվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ հույսով։ Հիվանդ մարդը ցանկանում է հնարավորինս արագ լավանալ և այդ պահին նա կարող է հավատալ նույնիսկ ամենաանհավանական խոստումներին»,- նշում է փորձագետը։
Մեր հարցին, թե ինչո՞ւ են նման հրապարակումները այդքան արագ տարածվում, Սամվել Մարտիրոսյանը պատասխանում է,- «Սոցիալական ցանցերի ալգորիթմները տարածում են այն բովանդակությունը, որն ավելի շատ արձագանք է ստանում։ Իսկ առողջության հետ կապված վախերն ու հույսերը միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Արդյունքում կեղծ տեղեկատվությունը հաճախ ավելի արագ է հասնում մարդկանց, քան մասնագիտական բացատրությունները»։
Reuters Institute for the Study of Journalism-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ մարդիկ առողջության մասին տեղեկությունները ստանում են ոչ թե բժիշկներից կամ մասնագիտական կայքերից, այլ սոցիալական ցանցերից և ծանոթների խորհուրդներից։ Սա ավելի է մեծացնում ապատեղեկատվության ազդեցությունը։
Հոգեբան Աննա Հակոբյանի կարծիքով՝ մարդիկ հաճախ ավելի շատ են վստահում ուրիշների անձնական պատմություններին, քան գիտական փաստերին։
«Երբ որևէ մեկը պատմում է, որ ինքն անձամբ բուժվել է այս կամ այն միջոցով, այդ պատմությունը մարդկանց վրա ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան նույնիսկ մասնագետի խորհուրդը։ Սա մարդու հոգեբանության առանձնահատկություններից մեկն է։ Սակայն անհատի փորձը չի կարող փոխարինել գիտական ապացույցներին»,- ասում է նա։
Մասնագետները նշում են, որ ամենավտանգավոր արտահայտություններից են «100 %-ոց արդյունք», «բժիշկները ձեզ չեն ասում այս մասին», «դեղագործական ընկերությունները թաքցնում են ճշմարտությունը» կամ «բնական միջոց, որը բուժում է ամեն ինչ» ձևակերպումները։ Նման խոստումները սովորաբար ոչ մի գիտական հիմք չունեն և օգտագործվում են մարդկանց վստահությունը շահելու համար։
Բժիշկ Քրիստինե Բադալյանը խորհուրդ է տալիս առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկություն ստուգել մի քանի աղբյուրներով և, ամենակարևորը, կարևոր որոշումներ կայացնելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ։
«Համացանցը կարող է օգտակար տեղեկությունների աղբյուր լինել, բայց այն չի կարող փոխարինել բժշկին։ Յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր է, և այն, ինչ օգնել է մեկին, պարտադիր չէ, որ օգտակար լինի մյուսին»,- ասում է նա։
Տեղեկատվական դարում կեղծ լուրերը դարձել են առողջության համար անտեսանելի, բայց շատ վտանգավոր սպառնալիք։ Դրանք տարածվում են արագ, ազդում մարդկանց որոշումների վրա և երբեմն ունենում անդառնալի հետևանքներ։ Ինչպես նշում են բժիշկներն ու մեդիա փորձագետները, առողջության մասին ցանկացած տեղեկության դեպքում ամենակարևոր դեղամիջոցներից մեկը շարունակում է մնալ քննադատական մտածողությունը։ Երբ խոսքը վերաբերում է առողջությանը, կասկածելը երբեմն կարող է բառացիորեն փրկել կյանքեր։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Շուշանիկ Սահակյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։