Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է ոստիկանի  գործունեությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում


Հայաստանի քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ դատական նիստի ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ ուղեկցող աշխատանքներ իրականացնող ոստիկանի ծառայողական պարտականությունները կատարելու հանգամանքը, նրա օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով հրաժարվել է կատարել ոստիկանի՝ դատական նիստի ավարտից հետո կալանավորված անձանց պահելու համար նախատեսված դատարանի խուց տեղափոխվելու օրինական պահանջը:


«Այնուհետև, երբ ոստիկանը փորձել է ուղեկցել Վ.Ղ.-ին, նա բռնություն՝ ֆիզիկական ներգործություն է գործադրել ոստիկանի նկատմամբ՝ միջամտելով պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։2026 թվականի հունիսի 25-ին քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազը Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելը):Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment