26 հունիսի 2026 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – Վերջին հինգ տարում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ։ Խոսքը վերաբերում է ինչպես թմրանյութի գործածմանը՝ առանց կախվածության համախտանիշի, այնպես էլ արդեն ձևավորված կախվածությամբ դեպքերին, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես անչափահասների պարագայում, քանի որ նրանց կենտրոնական նյարդային համակարգն ու մյուս օրգան-համակարգերը դեռևս ամբողջությամբ չեն ձևավորվել, և նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։
Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն ծնողներն ու ուսուցիչները՝
- Երեխայի վարքագծի փոփոխություններին․ երեխան դարձել է կոնֆլիկտային, չենթարկվող, մեկուսացած, գաղտնապահ, առաջացել են տրամադրության կտրուկ փոփոխություններ։
- Փոխվել են հետաքրքրությունները․ ուսումը, սպորտով զբաղվելը, նախկին ընկերական շրջապատը մղվել են հետին պլան։ Երեխան սկսել է բաց թողնել դասերը, պարապմունքները, շփվել նոր, հաճախ իրենից տարիքով մեծ տղաների հետ։ Փոխվել են նաև նրա ֆինանսական պահանջները։
- Ի հայտ է եկել ախորժակի կորուստ՝ երեխան արագ նիհարել է, դարձել է գունատ։ Լինել է բբերի լայնացում կամ նեղացում, որը չի փոփոխվում լուսավորությունից։
- Արտահայտված անքնություն կամ քնկոտություն։
Այս փոփոխություններին անհրաժեշտ է լինել շատ ուշադիր և ժամանակին դիմել մասնագետի։
Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիր. պահպանվող խնդիրներ, նոր մարտահրավերներ, նորարարական արձագանքներ»: