Վանաձորում քննարկեցին ընտրական իրավունքն ու մեդիագրագիտությունը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում Ասոցիացիայի կողմից վերապատրաստված մասնագետներն այնուհետև ձեռք բերված գիտելիքներով կիսվել են իրենց համայնքի բնակիչների հետ:

Իրազեկման արշավի շրջանակում մայիսի 30-ին Վանաձորի «Լուսաստղ» ՀԿ-ում կազմակերպված հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ընտրական իրավունքի, քաղաքացիական մասնակցության և տեղեկատվական անվտանգության թեմաներին։

Դասընթացավար Մանե Գրիգորյանը ներկայացրեց ընտրական գործընթացների հիմնական շրջանակը. ընտրությունների նշանակությունը` որպես քաղաքացիների մասնակցության գործիք պետական և համայնքային կառավարման, ինչպես նաև կառավարության ձևավորման, օրենսդրության ընդունման և տեղական ինքնակառավարման գործընթացներում:Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ընտրական գործընթացը կազմակերպող պետական մարմիններին, դրանց լիազորություններին և ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ունեցած դերակատարությանը։ Ներկայացվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված իրավապահ և վերահսկող մարմինների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները։ Պարզաբանվեցին ընտրական իրավունքի հիմնարար` ազատ, գաղտնի, հավասար և անմիջական ընտրության սկզբունքները, ապա քայլ առ քայլ` ընտրողի իրավունքները` անձի նույնականացումից, գրանցումից մինչև քվեաթերթիկի ստացում և գաղտնի քվեարկություն։ Ընդգծվեց, որ ընտրողը պետք է կարողանա իր կամքն արտահայտել առանց որևէ միջամտության կամ ճնշման։

Ներկայացվեց նաև ընտրական գործընթացի վերահսկողության և իրավական պաշտպանության համակարգը։ Շեշտվեց, որ ընտրական խախտումների դեպքում քաղաքացիները կարող են դիմել վերադաս ընտրական հանձնաժողովներին կամ դատական կարգով վիճարկել որոշումները՝ սահմանված ժամկետներում և ընթացակարգերով։ 

Ներկայացվեց նաև իրավապահ մարմինների դերակատարությունը ընտրական խախտումների, այդ թվում՝ քվեարկության կրկնության կամ այլ անձի փոխարեն քվեարկության դեպքերի կանխման և արձագանքման գործընթացում: Անդրադարձ կատարվեց նախընտրական քարոզչության կանոնակարգմանը՝ այդ թվում` քարոզչության ժամկետներին, արգելված գործողություններին և վարչական ռեսուրսի չարաշահման արգելքին: Շեշտվեց, որ պետական պաշտոնյաները և պետական համակարգի աշխատակիցները չեն կարող օգտագործել իրենց դիրքից բխող ռեսուրսները ընտրական նպատակներով։ 

Ներկայացվեց նաև ընտրությունների ֆինանսավորման համակարգը. կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները, նախընտրական հիմնադրամների ձևավորումը, նվիրատվությունների սահմանաչափերը և վերահսկիչ-վերստուգող ծառայության գործունեությունը, որը վերահսկում է քարոզարշավի ֆինանսական թափանցիկությունը։ 

Մասնակիցները նաև տեղեկացան, որ ընտրական իրավունքի վերաբերյալ ցանկացած հարցով կարող են դիմել իրավաբան Մանե Գրիգորյանին, որն անվճար խորհրդատվություններ է տրամադրում ընտրական այս ժամանակահատվածում:  

Գայանե Քոչինյանը նույնպես նշեց, որ քաղաքացիական մասնակցությունը քաղաքացիների իրավունքն ու հնարավորությունն է մասնակցելու պետական և հանրային կառավարմանը։ Այն ներառում է ընտրությունները, հանրաքվեները, հանրային քննարկումները, ՔՀԿ-ների գործունեությունը և հանրային վերահսկողությունը։ Նշվեց, որ քաղաքացիական մասնակցությունը հնարավոր է միայն ազատ միջավայրում՝ խոսքի ազատության, միավորումների ազատության, տեղեկատվության հասանելիության և խտրականության բացառման պայմաններում։ Որպես իրավական հիմքեր` ներկայացվեցին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21-րդ հոդվածը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները։ 

Ընդգծվեց ՔՀԿ-ների դերը՝ որպես կամուրջ քաղաքացիների և պետության միջև։ Նշվեց, որ ՔՀԿ-ներն իրականացնում են հանրային շահերի պաշտպանություն, վերահսկողություն, իրազեկում և կրթություն, փորձագիտական աջակցություն և մասնակցություն քաղաքականությունների մշակմանը։ Ներկայացվեցին նաև ընտրողների իրազեկման (Voter Education) և քաղաքացիական կրթության (Civic Education) տարբերությունները. առաջինը կենտրոնացած է ընտրական գործընթացին մասնակցելու գործնական կողմի, երկրորդը՝ ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական գիտակցության ձևավորման վրա։ Ներկայացվեց նաև ՔՀԿ-ների դերը ընտրական գործընթացներում` իրականացնել կրթություն և ներառականություն և վերահսկել`փաստագրելով խախտումներն ու ապահովելով հաշվետվողականություն։ Շեշտվեց նաև նրանց ներգրավվածությունը խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության գործում։ 

Մեդիագրագետ Ադրինե Թորոսյանը ներկայացրեց ապատեղեկատվության բնույթը. այն դիտավորյալ ստեղծվող և տարածվող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունն է, որի նպատակը հասարակական կարծիքի վրա ազդելն ու մոլորեցնելն է: Նշվեց, որ ապատեղեկատվությունը հաճախ կարելի է ճանաչել սենսացիոն և հուզական վերնագրերով, անհիմն կամ անանուն աղբյուրներով, «հրատապ» կոչերով և չափազանցված պնդումներով։ Մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց ապատեղեկատվության տարածման հաճախ հանդիպող այն մեթոդներին, երբ հին նյութերը ներկայացվում են որպես նոր կամ կեղծ տեսաձայնային պատկերների կիրառմամբ: Այս նպատակի համար օգտագործվում են բոտեր, տրոլներ, ալգորիթմներ և արհեստական բանականություն, ինչը կեղծ տեղեկատվությունը դարձնում է ավելի զանգվածային և դժվար ճանաչելի։

Որպես ապատեղեկատվության դեմ պայքարի հիմնական միջոցներ` նշվեցին տեղեկատվության աղբյուրների ստուգումը, տարբեր վստահելի աղբյուրների համեմատումը, միայն վստահելի, պաշտոնական կամ ստուգված հարթակներին նախապատվություն տալը: Շեշտվեց, որ փաստերի ստուգման ամենակարևոր սկզբունքը ցանկացած տեղեկատվություն աղբյուրից ստուգելն է` ով է հրապարակողը,  ինչ ապացույցներով և ինչ միտումներով: Ադրինե Թորոսյանն ընդգծեց մեդիագրագիտության կարևորությունը՝ որպես հմտությունների համակարգ, որը ներառում է մեդիայի դերի ընկալում, տեղեկատվության ստուգման գործնական կարողություններ և քննադատական մտածողություն։ Շեշտվեց, որ մեդիագրագիտությունը թույլ է տալիս քաղաքացիներին ավելի տեղեկացված և պատասխանատու կերպով մասնակցել հանրային և ընտրական գործընթացներին։ Թեև այսօր կան հատուկ գործիքներ և արհեստական բանականություն (AI), որոնք օգնում են հայտնաբերել կեղծ էջեր, բոտեր և մանիպուլյատիվ բովանդակություն, բայց վերջնական գնահատումը միշտ անում է մարդը՝ իր քննադատական մտածողությամբ։

Դասընթացի ավարտին ընդգծվեց, որ իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, քաղաքացիական մասնակցությունն ու մեդիագրագիտությունը միասին ձևավորում են այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է ժողովրդավարական հասարակությունը։  

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Ադրինե Թորոսյանը և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարությու ն» հիմնադրամի տեսակետները:

Leave a Comment