Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ. հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»,- լրատվամիջոցը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը։

Politico-ի տվյալներով՝ Ֆոն դեր Լայենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել ֆոն դեր Լայենի ծրագրերը, սակայն խոստացել է ուրբաթ հայտարարել նրա հաջորդ շաբաթվա աշխատանքային ժամանակացույցը։

Ինչպես նշել է Politico-ն, Բրյուսելը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցք, որի նշանակությունն աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը միաժամանակ մնում է ԵՄ էներգակիրների առանցքային մատակարարներից մեկը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բրյուսելում նույնիսկ ստեղծվել է ԵՄ հատուկ քաղաքացիական խումբ, որը նպատակ ունի «օգնել Երևանին դիվերսիֆիկացնել Եվրոպայի հետ առևտրային կապերը և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»։

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այցի ընթացքում Ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ-ի նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվում:

Leave a Comment