ԱՄՆ-ն Թուրքիային կվաճառի 700 միլիոն դոլարի ավիաշարժիչներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին, որ մտադիր է ավելի քան 700 միլիոն արժողությամբ տասնյակ ավիաշարժիչներ վաճառել  Թուրքիային: 

Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ վարչակազմը պատրաստվում է շարունակել գործարքը` չնայած մի շարք օրենսդիրների առարկության, որոնք կապված են Թուրքիայի կողմից 2019 թվականի ռուսական S-400 Հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետ:

ԱՄՆ Պետդեպարտմենտը Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ նշել է, որ արտահանման լիցենզավորման որոշումը կայացվել է` հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և սպառազինությունների վերահսկման գործոնները:

Գործարքը դիտվում է որպես կարևոր քաղաքական քայլ Անկարայի նկատմամբ` հաջորդ ամիս նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժաղավից առաջ, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին, որին Թրամփը համարում է առանցքային դաշնակից:

Կոնգրեսն ունի 15 օր` գործարքը կասեցնելու նպատակով համատեղ բանաձև ներկայացնելու համար: Եթե այն ընդունվի 2 պալատներում էլ, Թրանփը կարող է վետո դնել դրա վրա:

Վաճառվող շարժիչները, որոնք արտադրում է GE Aerospace-ը, նախատեսված են Թուրքիայի ազգային հինգերորդ սերնդի կործանիչ` TAI KAAN-ի համար: KANN ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին` Թուրքիայի պաշտպանական ինքնաբավությունը բարձրացնելու նպատակով: 2019-ին Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումից հետո Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց և Անկարային հեռացրեց Lockheed Martin F-35 Lightning 2 կործանիչների ծրագրից:

Leave a Comment