«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան կայացած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության դռնփակ նիստում Ալեն Սիմոնյանը ստացել է 20 հոգանոց վարչության ընդամենը 5 կողմ ձայները:
Թեև վերջին օրերին ՔՊ-ի ներսում ակտիվորեն Ալեն Սիմոնյանի կողմից տարածվում էին տեղեկություններ, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» կա և անխուսափելիորեն կրկին Սիմոնյանը կընտրվի ԱԺ նախագահի թեկնածու, այնուամենայնիվ, իշխանական կուսակցության ներսում տեղի ունեցած զարգացումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։
Երեկ, կայացած վարչության նիստում առաջադրված թեկնածուների մասին քննարկումների առանցքային թեման եղել է ընտրության դեպքում ՔՊ-ի անխոցելիությունը և այդ համատեքսում է դիտարկվել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 կողմ ձայն, ինչը կուսակցության ղեկավար մարմնի ներսում նրա աջակցության էական նվազման մասին է վկայում։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես առաջադրված թեկնածուներից է եղել, սակայն ստացել է զգալիորեն ավելի քիչ աջակցություն ձայն։
Իսկ վարչության 20 անդամներից կեսից ավելիի աջակցությունը ստացել է փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն այս փուլում դարձել է ՔՊ-ի ներսում ԱԺ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ռեկորդակիր է որպես ԱԺ, քանի որ նա նորանկախ խորհրդարանի այն խոսնակն է, որը մի ամբողջական ժամկետ պաշտոնավարեց: Մնացած նախագահների պաշտոնավարումը մշտապես կիսատ է մնացել. կա՛մ սպանվել են, կա՛մ պարզապես հրաժարական ներկայացրել տարբեր հանգամանքներով պայմանավորված: