Երևանի պատվիրակությունը մասնակցել է Լոնդոնում կայացած «EBRD Green Cities Mayors’ Meeting»-ին

Հունիսի 22-23-ը Լոնդոնում կայացած «EBRD Green Cities Mayors’ Meeting»-ը համախմբել էր քաղաքային զարգացման ոլորտի առաջնորդներին, միջազգային ֆինանսական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու ավելի կանաչ, դիմակայուն և կայուն քաղաքների զարգացման ուղիները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը և Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը մասնակցել են միջոցառմանը, որի շրջանակում քննարկվել են քաղաքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման, իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր մասնակից քաղաքների միջև փորձի փոխանակումը՝ ծրագրերի իրականացման, մոնիթորինգի և ֆինանսավորման ուղղություններով։

Մասնակիցները նաև ծանոթացել են Լոնդոնի մի շարք հաջողված քաղաքաշինական նախագծերի և կայուն զարգացման լուծումների։ Միջոցառումը հնարավորություն տվեց ծանոթանալ քաղաքային զարգացման առաջատար փորձին և ձևավորել նոր համագործակցային կապեր՝ ուղղված Երևանի զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Leave a Comment