Հայկական Team Telecom Armenia-ն և ադրբեջանական AzerTelecom-ը ստորագրել են աննախադեպ համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի տարածքով ինտերնետային տարանցիկ կապ կտրամադրվի Նախիջևանի և Ադրբեջանի միջև։
Ընկերությունները պնդում են՝ սա զուտ կոմերցիոն գործարք է, որը կբարձրացնի տարածաշրջանային կապուղիների բազմազանությունն ու հեռահաղորդակցության ցանցերի կայունությունը։
Ի՞նչ է իրականում Հայաստանը ստանում այս համագործակցությունից։
Համաձայն ստորագրված համաձայնագրի՝ «Team Telecom Armenia»-ն DWDM տեխնոլոգիայի միջոցով Ադրբեջանին կտրամադրի մինչև 100 Գբ/վ արագությամբ տարանցիկ կապուղի՝ Նախիջևան-Ադրբեջան ուղղությամբ։ Ընկերության ղեկավարությունը վստահեցնում է, որ խոսքը ոչ թե տվյալների փոխանակման, այլ բացառապես տարանցիկ ենթակառուցվածքի տրամադրման մասին է․
«Սա ավելի շատ զուտ կոմերցիոն գործարք է, որը հնարավորություն է տալիս Ադրբեջանին կապվել Նախիջևանի հետ, իսկ Հայաստանին՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղի ունենալ»։
Փորձագետի խոսքով՝ հանրության մի մասի մոտ տարածված մտահոգությունները, թե Հայաստանն Ադրբեջանին «ինտերնետ է մատակարարում», ամբողջությամբ չեն արտացոլում գործարքի իրական էությունը․
«Սա չի նշանակում, թե խոսքը տվյալների փոխանակման մասին է, կամ որ այս պահի դրությամբ, ըստ հայտարարվածի, Ադրբեջանն է ինտերնետ ստանալու կամ Հայաստանը»։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախագիծը կարևոր է ոչ միայն որպես նոր կապուղի, այլև որպես Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման և միջազգային տարանցիկ դերի ընդլայնման հնարավորություն․
«Ու այստեղ չմոռանանք, որ «FiberD» նախագծով «Թիմ Տելեկոմը» ներգրավված է ոչ միայն Հայաստանում արհեստական բանականությանն առնչվող տվյալների կենտրոնի ստեղծման գործում, այլև Ղազախստանում։ Կարծում եմ՝ ընկերության համար սա նույնպես ռազմավարական ուղի է, որպեսզի կարողանան այդ ղազախական կենտրոնին տրամադրել կապի ուղիներ դեպի Արևմուտք»։
Պապյանի դիտարկմամբ էլ՝ նախագիծը «Team Telecom»-ի համար կարող է բացել նոր շուկաներ՝ հատկապես Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Ընկերությունն արդեն տարիներ շարունակ միջազգային ինտերնետային տարանցիկ ծառայություններ է մատուցում Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի այլ երկրների համար․
«Սա կարող է «Team Telecom»-ի համար, օրինակ, հնարավորություն լինել՝ ունենալու տարանցիկ կապուղի դեպի Կենտրոնական Ասիա, որովհետև ընկերությունը խոշոր ինտերնետ-մատակարար է, որը Հայաստանի տարածքով ինտերնետ է վաճառում, օրինակ՝ Իրաքին, Աֆղանստանին, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներին»։
Փորձագետը կարևորում է նաև ենթակառուցվածքային դիվերսիֆիկացիան։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը երկար տարիներ հիմնականում հյուսիս-հարավ ուղղությամբ կապուղիներին է ապավինել, մինչդեռ նոր նախագիծը հնարավորություն է ստեղծում զարգացնելու նաև արևելք-արևմուտք հաղորդակցությունը․
«Հիշում ենք մոտ 10 տարի առաջ եղած այդ միջադեպը, երբ Վրաստանում մի տարեց կին կտրել էր Հայաստան եկող մալուխը, և ամբողջ երկիրն առանց ինտերնետի էր մնացել։ Այսօրվա պայմաններում մենք ուղղակի չենք կարող նման իրավիճակ թույլ տալ»։
Միևնույն ժամանակ, փորձագետը չի բացառում, որ որոշակի ռիսկեր կարող են գոյություն ունենալ, սակայն դրանց գնահատումը հնարավոր է միայն պայմանագրի ամբողջական բովանդակությանը ծանոթանալուց հետո․
«Մենք չենք տեսել պայմանագիրը, ընդամենը տեսել ենք մամուլի հաղորդագրությունը, հետևաբար դժվար է գնահատել, թե ինչ ռիսկեր են սահմանված։ Բայց պիտի հասկանանք, որ ընկերությունը, որը միջազգային կառույց է, կապի օպերատոր է ձեռք բերել Իռլանդիայում և որոշակի բաժնետոմսեր՝ վրացական օպերատորի մոտ, բնականաբար, անցնում է անվտանգության շատ խիստ ստուգումներ»։
Փորձագետը միաժամանակ կարևոր է համարում հանրային վերահսկողությունը և մասնագիտական քննարկումները՝ ընդգծելով, որ անվտանգության վերաբերյալ ցանկացած հարց պետք է բաց ու թափանցիկ քննարկվի:
Մանրամասները՝ տեսանյութում։
