Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության՝ Մամեդովը մյուս կողմին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության օրակարգի վերջին զարգացումները։
Կողմերն ընդգծել են առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը՝ խաղաղության գործընթացն ավարտելու, պարտավորությունները ժամանակին կատարելու և փոխադարձ վստահությունն ամրապնդելու համար։
Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և կապի և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները։
