Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման մասին՝ ընդգծելով բանակցությունների անհրաժեշտությունը։ Լուկաշենկոն նրանց փոխանցել է, որ Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձերը կհանգեցնեն հակամարտության բնույթի կտրուկ փոփոխության։
Ըստ Բելառուսի ղեկավարի՝ ուկրաինական կողմը հասկանում է իրավիճակի լրջությունը, և կա փոխըմբռնում էական բանակցություններ սկսելու անհրաժեշտության շուրջ։
«Վերջերս Մինսկում հանդիպել եմ Զելենսկու ներկայացուցիչների հետ։ Կիևը հասկանում է, որ Մինսկը չի կարող պատերազմի մեջ ներքաշվել»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն շեշտել է, որ Բելառուսը չի ձգտում ներգրավվել պատերազմում և հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը ճնշում է գործադրում այդ ուղղությամբ։
Նա նշել է, որ հարցը բազմիցս քննարկվել է ՌԴ նախագահի հետ, և հավելել, որ Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերում ընդգրկված աշխատավոր մարդիկ չեն ցանկանում կռվել բելառուսների դեմ, ինչպես և բելառուսներն իրենք չեն ցանկանում պատերազմել ուկրաինացիների հետ։
Նախագահը կոչ է արել խուսափել լարվածությունից և հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Բելառուսի շահերը:
