«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը հայելային արձագանք է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «հայելային արձագանքներ» որակեց հայաստանյան ընտրություններից հետո Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով քննարկումների ակտիվացումը:

«Ինձ համար անհայտ է՝ հիմա, օրինակ, քննարկվում է, որ Միացալ Նահանգների Սենատում Ձեր ասած թեմայով քննարկում է լինելու, բայց, իհարկե, լռության է մատնվում էն, որ ընդամենը տասն օր առաջ կամ մի քիչ ավելի առաջ հայկական կազմակերպությունները օրակարգ են մտցրել հարց, որը վերաբերում է, ըստ էության, եթե շատ մանրամասների մեջ չմտնեմ, օրակարգ են մտցրել հարց, որը, ըստ էության, վերաբերում է Ղարաբաղյան շարժման շարունակությանը», – ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Ես էլի ուզում եմ շատ հստակ լինի այս հարցը՝ քանի Ազգային ժողովի, օրինակ, դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի էդ խոսույթը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է, է հայելային ձևով դա շարունակվելու է: Դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոններ են», – պնդեց Փաշինյանը՝ վստահեցնելով. – «Ես ասում եմ, որ էդ ամեն ինչը չունի գործնական կիրառական նշանակություն և չի ունենալու էնքան գործնական կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք և էդ հարցում հստակ դիրքորոշում ենք արտահայտում»:

«Ես շատ ուղիղ ասում եմ՝ Միացյալ Նահանգների դաշնակցական լոբբինգը ինչքան էդ ուղղությամբ ջանքեր գործադրեց, ինչքան քայլեր արեց, ստանալու են… Այսինքն ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կատարած ընտրությանը, իսկ ժողովուրդը ասել է, որ Ղարաբաղի շարժումը չի շարունակում, չի շարունակվելու, հիմա ցանկացած փորձ այլ մակարդակներում Ղարաբաղի շարժումը շարունակելու բերելու է հայելային արձագանքներ». – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. – «Ընդ որում, այդ պրոցեսը կարող է խնդիրներ առաջացնել»:

Leave a Comment