Մայիսի 30-ին Գյումրիում անցկացվեց իրազեկման սեմինար-քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքներին, բարեվարքությանը, մեդիագրագիտությանը և քաղաքացիների ներգրավվածության ու մասնակցության արդյունավետ մեխանիզմներին։
Միջոցառումը կազմակերպել էր Գյումրիում գործող «Գիտակից սերունդ» հասարակական կազմակերպությունը՝ «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակում։ Սեմինարին մասնակցում էին շուրջ 20 երիտասարդներ, հիմնականում՝ ուսանողներ, որոնք նպատակ ունեին խորացնելու իրենց գիտելիքները սահմանադրական իրավունքների և քաղաքացիական մասնակցության վերաբերյալ։Սեմինարի առաջին մասում տարածաշրջանային փաստաբաններ Գայանե Գևորգյանն ու Հայկ Թորոյանը ներկայացրեցին ընտրողների իրավունքների սահմանադրական և իրավական շրջանակը՝ անդրադառնալով դրանց իրացման և պաշտպանության կարևորությանը։
Փաստաբան Գայանե Գևորգյանը մանրամասնեց, թե ովքեր ունեն և ովքեր չունեն ընտրություններին մասնակցելու և ձայնի իրավունք։ Նա ներկայացրեց քվեարկության օրը հաճախ հանդիպող խնդիրները։ Ուսանողների համար հատկապես կարևոր էր իմանալ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքացին, եթե իր անունն ընդգրկված չլինի ընտրացուցակներում։
Իսկ փաստաբան Հայկ Թորոյանն էլ անդրադարձավ վերջին շրջանում ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններին և խստացումներին, որոնք վերաբերում են ընտրությունների ընթացքին, մասնավորապես՝ ընտրակաշառք ստանալուն և վերցնելուն։ Փաստաբանը ներկայացրեց սահմանված պատժաչափերը ընտրակաշառք ստանալու և տալու հանգամանքներում։
Բացի այդ, բանախոսները մանրամասն ներկայացրեցին քվեարկության ողջ գործընթացը։ Հատուկ ընդգծվեց քվեարկության գաղտնիության սկզբունքը՝ նշելով, որ քաղաքացուն արգելվում է նույնիսկ սեփական քվեաթերթիկը լուսանկարել և տարածել։
Ընտրական բարեվարքության համատեքստում մասնակիցները քննարկեցին նաև ընտրական գործընթացներում առավել հաճախ հանդիպող խախտումները, մասնավորապես՝ ընտրակաշառքի բաժանումը և վարչական ռեսուրսի չարաշահումը։ Առանձնակի ուշադրություն դարձվեց քվեարկության օրը ընտրատեղամասերում արձանագրվող խախտումներին, որոնց թվում են՝ քարոզչական նյութերի առկայությունը տեղամասում, քվեարկության գաղտնիության խախտումը՝ խցիկների ոչ պատշաճ տեղադրման հետևանքով, ընտրողների նկատմամբ վերահսկողության դրսևորումները, տեղամասի մուտքի կամ ելքի սահմանափակումը, ընտրատեղամասից 50 մետր շառավղով սահմանված տարածքում քարոզչության արգելքի խախտումը, մեքենաների կուտակումները, ինչպես նաև թեկնածուների ներկայությունը տեղամասի հարակից տարածքում՝ բացառությամբ քվեարկությանը մասնակցելու դեպքերի։
Սեմինարի հաջորդ կարևոր թեման մեդիագրագիտությունն էր։ Լրագրող Կարինե Կազարովան ներկայացրեց հայկական մեդիա դաշտում ապատեղեկատվության, կեղծ տեղեկությունների և քարոզչական բովանդակության տարբերակման առանձնահատկությունները։ Նա ընդգծեց, որ ընտրական գործընթացների ընթացքում ապատեղեկատվական և մանիպուլյատիվ նյութերի տարածումը զգալիորեն ակտիվանում է ինչպես ներքին տեղեկատվական հարթակներում, այնպես էլ արտաքին մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով՝ նպատակ ունենալով ազդել հանրային կարծիքի և ընտրողների որոշումների վրա։
Լրագրողը ներկայացրեց մի շարք ուշագրավ օրինակներ՝ նշելով, որ ապատեղեկատվական հոսքերի ծավալը մեծ է, իսկ դրանց բացահայտումն ու փաստերի ստուգումը պահանջում են զգալի մարդկային և ֆինանսական ռեսուրսներ։ Նա նաև անդրադարձավ Հայաստանում գործող այն մեդիա և փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակներին, որոնց գործունեությունն ուղղված է ապատեղեկատվության հայտնաբերմանը, վերլուծությանը և հանրությանը հավաստի տեղեկատվության տրամադրմանը։
«Գիտակից սերունդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Սարգսյանի խոսքով՝ նման սեմինարները չափազանց կարևոր են, քանի որ ընտրական օրենսդրության հաճախակի փոփոխությունների պայմաններում քաղաքացիները միշտ չէ, որ հասցնում են ծանոթանալ նոր կարգավորումներին։ Նրա գնահատմամբ՝ հատկապես երիտասարդների շրջանում իրազեկվածության մակարդակը դեռևս բարձրացման կարիք ունի։ Սոնա Սարգսյանը նշեց, որ քաղաքային և գյուղական համայնքներում անցկացվող նման հանդիպումները նպաստում են քաղաքացիների իրավագիտակցության բարձրացմանը և օգնում խուսափել ընտրական գործընթացներում հնարավոր սխալներից։
Մասնակիցները նույնպես հաստատեցին դասընթացի արդյունավետությունը. Դեղագետ, Գյումրու պետական քոլեջի դասախոս Արաքսյա Իսահակյանը նշեց, որ․ «Դասընթացը բավականին տեղեկատվական էր։ Ցանկալի կլինի, որ նման սեմինարներն անցկացվեն ավելի լայն լսարանների համար։ Որքան էլ տեղեկացված ենք, միևնույն է, կան մանրամասներ, որոնց լիարժեք ծանոթ չենք։ Ապատեղեկատվությունն իրական լուրից տարբերակելու համար նման սեմինարներին մասնակցելը պարտադիր է»։
Սեմինարի մասնակիցները ևս բարձր գնահատեցին դասընթացի արդյունավետությունը։ Դեղագետ, Գյումրու պետական քոլեջի դասախոս Արաքսյա Իսահակյանը նշեց․«Դասընթացը բավականին տեղեկատվական էր։ Ցանկալի կլինի, որ նման սեմինարներն անցկացվեն ավելի լայն լսարանների համար։ Որքան էլ տեղեկացված ենք, միևնույն է, կան մանրամասներ, որոնց լիարժեք ծանոթ չենք։ Ապատեղեկատվությունն իրական լուրից տարբերակելու համար նման սեմինարներին մասնակցելը պարտադիր է», ասել է դեղագետը։
Գյումրու պետական բժշկական քոլեջի ուսանողուհի Անահիտ Սահակյանը, ով առաջին անգամ է մասնակցելու ընտրություններին, ասաց․ «Քանի որ առաջին անգամ եմ մասնակցելու ընտրություններին, շատ հարցերի վերաբերյալ տեղեկացված չէի։ Սեմինարն ինձ շատ լավ իրազեկեց ընտրական գործընթացի մասին, հիմա ավելի վստահ կգնամ քվեարկությանը։ Մտածում էի՝ ավելի բարդ կլինի, սակայն իմ ձայնն արդեն կարևորում եմ»։
Գյումրու պետական բժշկական քոլեջի մեկ այլ ուսանողուհի՝ Անահիտ Մարտիրոսյանը, կարևորեց ընտրություններին մասնակցության նշանակությունը․ «Ինձ համար կարևոր բացահայտում էր այն, որ նույնիսկ չմասնակցած քաղաքացիների ձայները կարող են ավելի վճռորոշ լինել ընտրության ելքի վրա, քան՝ մասնակիցներինը։ Անպայման կմասնակցեմ ընտրություններին»։
Սեմինարի ավարտին մասնակից երիտասարդներն ընդգծեցին, որ ստացած գիտելիքների շնորհիվ այժմ ավելի մեծ պատասխանատվությամբ ու վստահությամբ են մոտենում քվեարկության օրը սեփական քաղաքացիական պարտքը կատարելուն։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հոդվածի հեղինակը՝ լրագրող Կարինե Կազարովան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի և Iravaban.net-ի տեսակետները։