Ապատեղեկատվական արշավների թիրախային խմբերը և դրանց խոցելիության պայմանները Հայաստանում

Ապատեղեկատվական արշավները Հայաստանում սովորաբար չեն ուղղվում դեպի ամբողջ հասարակությանը միաժամանակ։ Դրանք ավելի հաճախ թիրախավորում են այն սոցիալական խմբերին, որոնք կամ ունեն սահմանափակ տեղեկատվական աղբյուրներ, կամ դժվարությամբ են ստուգում ստացած տեղեկատվության ճշգրտությունը։ Այս մոտեցումը դիտարկվում է նաև միջազգային մեդիա հետազոտություններում։ Ապատեղեկատվության համար թիրախ հանդիսացող խմբերը ունեն իրենց խոցելի կետերը։ Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին՝

Մարզային բնակչություն (հատկապես տարեց մարդիկ)

Մարզային և գյուղական համայնքներում տեղեկատվական բազմազանությունը սահմանափակ է, ինչի հետևանքով մարդիկ հաճախ հիմնվում են սոցիալական ցանցերի և անձնական կապերի վրա։ Փակ խմբային հաղորդակցությունները (օրինակ՝ Viber և Facebook խմբեր) հաճախ դառնում են հիմնական տեղեկատվական աղբյուր։ Թիրախային այս խմբին խոցելի ն դարձնում՝

  • տեղեկատվական աղբյուրների սահմանափակ հասանելիություն
  • բարձր վստահություն անձնական կապերի նկատմամբ
  • մեդիագրագիտության համեմատաբար ցածր մակարդակ
  • պաշտոնական աղբյուրների քիչ օգտագործում

Այս խումբը նաև ըստ հետազոտությունների չի ստուգում ստացված տեղեկությունը և մեծամասամբ այն ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն։

Երիտասարդներ (18–25 տարեկան)

Երիտասարդները հիմնականում տեղեկատվություն են ստանում սոցիալական մեդիա հարթակներից՝ TikTok, Instagram, YouTube և այլն։ Այս հարթակներում ալգորիթմները հաճախ առաջնահերթություն են տալիս էմոցիոնալ և վիրուսային բովանդակությանը։

Խմբի խոցելիության պատճառներ՝

  • արագ սպառվող տեղեկատվական միջավայր
  • վիրուսային բովանդակության ազդեցություն
  • լուրի ստուգման չձևավորված սովորություն
  • ալգորիթմային «էխո խցիկների» ձևավորում

Reuters Institute-ի Digital News Report 2023-ը նշում է, որ սոցիալական մեդիաները մեծացնում են տեղեկատվական բևեռացումը և ազդում են նորությունների ընկալման վրա։

Քաղաքականապես բևեռացված խմբեր

Քաղաքականապես ակտիվ քաղաքացիները հաճախ հակված են ընդունելու այն տեղեկատվությունը, որը համապատասխանում է իրենց նախնական համոզմունքներին, ինչն էլ հնարավորություն է տալիս անխոչընդոտ մանիպուլացնել այս խմբին։ Թիրխային այս խումբը ապատեղեկատվության զոհ կարող է դառնալ մի քանի պատճառներով՝

  • հակառակ կողմի աղբյուրների, տեսակետների մերժում   
  • էմոցիոնալ ընկալման գերակայություն և այլն

Այս երևույթը նկարագրվում է First Draft-ի  ապատեղեկատվության մոդելներում, որտեղ ընդգծվում է, որ տեղեկատվության ընդունումը հաճախ պայմանավորված է ոչ թե փաստերով, այլ համոզմունքներով։

Ցածր մեդիա գրագիտություն ունեցող քաղաքացիներ

Այս խումբը կարող է ընդգրկել տարբեր տարիքային շերտեր։ Նրանց համար դժվար է տարբերակել վստահելի և կեղծ աղբյուրները, հատկապես երբ տեղեկատվությունը ներկայացվում է համոզիչ ձևով։ Այս խումբը քննադատական մտածողության ցածր ցուցանիշներ ունի, ինչն էլ  մեծացնում է ապատեղեկատվության ազդեցությունը ։

Խոցելի կետեր՝

  • փաստերի ստուգման հմտությունների բացակայություն
  • տրվում են կեղծ կայքերի և վերնագրերի մանիպուլյացիաներին
  • տեղեկատվության ընդունում առանց վերլուծության

Հայաստանում ապատեղեկատվությունը առավել ակտիվ է դառնում հետևյալ իրավիճակներում նախընտրական և ընտրական փուլերում,  քաղաքական ճգնաժամերի կամ լարվածության ժամանակ, անվտանգության կամ պատերազմական ռիսկերի պայմաններում։

Հայաստանում ապատեղեկատվական արշավների թիրախավորումը հիմնված է սոցիալական, տարիքային և մեդիա վարքագծային առանձնահատկությունների վրա։ Առավել խոցելի են մարզային բնակչությունը, երիտասարդները, քաղաքականապես բևեռացված խմբերը և ցածր մեդիա գրագիտություն ունեցող քաղաքացիները։ Խնդիրը սրվում է հատկապես ընտրությունների, քաղաքական լարվածության և փակ թվային միջավայրերի պայմաններում, որտեղ տեղեկատվության ստուգումը դառնում է ավելի դժվար։

Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հոդվածի հեղինակը՝ Գոհար Գևորգյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment