Նախընտրական փուլում սոցիալական մեդիայում հաճախակի են նկատվում նոր հայրենասիրական էջեր և խմբերի։ Էջերը հաճախ ներկայանում են տեղանուններով կամ հայրենասիրական անվանումներով՝ «Տավուշ իմ հայրենիք», «Լոռի իմ հայրենիք», «Հզոր Սյունիք» և այլն։ Թվում է, թե դրանք նպատակ ունեն միավորել հասարակությունը, տարածել հայրենասիրական թեմաներ, որպես հուզական և մշակութային կոլեկտիվ նշաններ։ Իրականում, շատ դեպքերում այս էջերի ծագումը անհայտ է, ադմինները անանուն են, և էջերի ակտիվությունը հենց նախընտրական ժամանակահատվածում է սկսվում։
Այսպիսի էջերի հետևորդները հաճախ հավատում են, որ դրանք հայրենասիրական նախաձեռնություններ են, սակայն հաճախ հաշվի չեն առնում, թե ովքեր են դրանց հետևում, ինչ նպատակներ են հետապնդվում և ինչ տվյալներ են օգտագործվում։ Ընտրական շրջանում էմոցիոնալ բովանդակությունը (զինվորներ, խաչքարեր, հուշապատկեր, ազգային հերոսներ) հաճախ օգտագործվում է որպես քարոզչական միջոց՝ հանրային տրամադրությունները կառավարելու կամ թիրախային քաղաքական աջակցություն ստանալու համար։ Այս գործընթացում էջերը կարող են հանդես գալ որպես «միավորող» կենտրոններ։
Այս հոդվածի նպատակն է՝
- բացատրել, թե ինչու նախընտրական փուլում ստեղծվող «հայրենասիրական» էջերին ամբողջությամբ հավատալ չի կարել,
- առաջարկել գործնական չափանիշներ այդ էջերի ռիսկայնությունը գնահատելու համար,
- ներկայացնել իրավական և ինստիտուցիոնալ առաջարկներ՝ ընտրական շրջանի թափանցիկությունը մեծացնելու համար,
- առաջարկել քաղաքացիների համար գործնական ուղեցույցներ՝ սոցիալական մեդիայում զգոն լինելու և մանիպուլյացիաներից զերծ մնալու համար։
Հայաստանում սոցիալական մեդիայի հարթակները դեռ լիարժեք կարգավորված չեն ընտրական շրջանում քարոզչության և տվյալների հավաքագրման համար։ Այսինքն՝ կասկածելի էջերը կարող են գործել առանց մինների նույնականացման, ֆինանսավորման հայտարարման կամ քարոզչական նպատակների բացահայտման հստակ իրավական պարտադրանքի։
Կասկած են առաջացնում հատկապես նախընտրական շրջանում ստեղծված և մեծ ակտիվություն ունեցող էջերը։ Սա հարցեր է առաջացնում․ ինչո՞ւ է էջը հենց այս ժամանակում սկսել ակտիվ գործել, ո՞րն է նրա իրական նպատակը, և արդյո՞ք որևէ քաղաքական ուժ է նրա հետևում գործում։ Այս հարցերին պատասխաններ չեն տրվում, եթե էջը չի տրամադրում կապի տվյալներ, չի բացահայտում ֆինանսավորման աղբյուրները և չի ներկայացնում իրական նախաձեռնության պատմությունը։
Այսպիսի էջերի գործունեության հետևանքները կարող են լինել՝
- սոցիալական լարվածություն
- քարոզչական մանիպուլյացիա
- տվյալների ապօրինի հավաքագրում
- ընտրական շրջանի արդարության վրա ազդեցություն
Ինչո՞ւ չպետք է ամբողջությամբ հավատալ այսպիսի էջերին
Նախընտրական փուլում ստեղծվող «հայրենասիրական» էջերին վստահելը ռիսկայն է, քանի որ դրանք հաճախ ունենում են քաղաքական նպատակներ, ծագումն անհայտ է և դրանց գործունեությունը կարող է հանգեցնել սոցիալական մանիպուլյացիայի։
Ինչպես ճանաչել կասկածելի էջերը
- Նոր էջ, ակտիվ ընտրական շրջանում․ էջը նոր է (ստեղծված վերջին 1–3 ամիսում) և հենց նախընտրական փուլում է սկսել ակտիվ գործել
- Անանուն ադմիններ, չկան կապի տվյալներ. էջը չի ներկայացնում ադմինների, չունի կապի էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար կամ պաշտոնական կայք
- Ֆինանսավորման աղբյուրները չեն բացահայտվում. էջը չի նշում ով է այն ֆինանսավորում կամ ինչ նախաձեռնության հետ է կապված
- Փաստերի հղումներ չկան. գրառումները հիմնաված են հուզական դաշտի վրա, չեն տրամադրում հաստատված փաստերի հղումներ
- Միատոն, կրկնվող հաղորդագրություններ. էջը հաճախակի տարածում է նույն թեմաները կամ միակողմանի կոչեր
- Վիրավորական կամ միակողմանի մեկնաբանություններ. էջը տարածում է վիրավորական մեկնաբանություններ այլ համայնքների կամ թեկնածուների հասցեին
- Տվյալների հավաքագրման առաջարկներ. էջը առաջարկում է «միանալ համայնքին» կամ «ստանալ տեղեկատվություն», ինչի միջոցով հավաքվում են անձնական տվյալներ։
Ինչպե՞ս չդառնալ խաբեության զոհ
- Կասկածամտորեն վերաբերել նոր էջերինկ, հատկապես եթե դրանք անանուն են և հենց նախընտրական փուլում են ակտիվացել։
- Ստուգել էջի կապի տվյալները և ֆինանսավորման աղբյուրները։
- Չտարածել նյութեր, որոնք չեն հաստատվել վստահելի աղբյուրներից (լրատվամիջոցներ, պաշտոնական գերատեսչություններ)։
- Քննադատաբար հարցնել՝ ինչ նպատակներ են հետապնդվում, ովքեր են օգուտ ստացողները, և ինչ սկզբունքներով են ընտրված թեմաները։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում նյութի հեղինակը՝ Լևոն Վարդապետյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։