Մոսկվան Երևանից որոշում է սպասում ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ. ՌԴ ներկայացուցիչ

Մոսկվան Երևանից որոշում է սպասում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) մասնակցության վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Նա նշել է, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար։ Վասիլևը հավելել է նաև, որ ՀՀ-ն պետք է այդ մասին տեղեկացնի Ռուսաստանին։

ՀԱՊԿ գործունեությանը Հայաստանի մասնակցության հստակեցման վերաբերյալ կազմակերպությունից և պաշտոնական Մոսկվայից մի շարք հայտարարություններ են հնչել։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Թաալաթբեկ Մասադիկովը հունիսի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանը արդեն 2-րդ տարին է, որ չի վճարում կազմակերպության անդամավճարները։ Նրա խոսքով՝ դե ֆակտո երկիրը գործնականում չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, դե յուրե մնալով դրա անդամ։ Հունիսի 10-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հնարավոր էր համարել ՀԱՊԿ կանոնադրության այն հոդվածի կիրառումը, որ նախատեսում է միջոցների կիրառում՝ պարտավորությունները չկատարող անդամների նկատմամբ։ 

ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2024 թվականի ապրիլին, ընդգծելով, որ 2021-2022 թվականներին կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները։ 2026 թվականի հունիսին նա կազմակերպությունից դուրս գալը համարել էր հաջորդ տրամաբանական քայլըմև հայտարարել, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի հեռացման որոշման դեպքում Երևանը ստիպված կլինի դա ի գիտություն ընդունել։

Leave a Comment