ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ՎԶԵԲ ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում նշանավորվել է ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի տնօրեն և ղեկավար Ալկիս Դրակինոսի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի առաքելությունների ավարտը։ Միաժամանակ պաշտոնապես ներկայացվել են ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն և ղեկավար Թոմաս Կայրիսը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիան։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Ալկիս Դրակինոսին և Գեորգի Ախալկացիին՝ երկարամյա արդյունավետ համագործակցության, մասնագիտական աջակցության և ՊԵԿ–ՎԶԵԲ գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ նրանց անմիջական ներգրավվածության և հետևողական աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել կյանքի կոչել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք ռազմավարական նշանակության ներդրում են ունեցել Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների զարգացման, ինստիտուցիոնալ կարողությունների համակարգային ամրապնդման, ինչպես նաև մաքսային ու սահմանային կառավարման բարեփոխումների առաջմղման գործում։

Միաժամանակ, շնորհավորելով ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն և ղեկավար Թոմաս Կայրիսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիային՝ ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործընկերությունը կշարունակի զարգանալ և նոր թափ կստանա՝ հիմք ընդունելով նախորդ տարիների ձեռքբերումներն ու համագործակցության դրական փորձը։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերի ընթացքն ու հետագա քայլերը։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացմանը, մաքսային համակարգի արդիականացմանը, առևտրի դյուրացմանը և սահմանային ենթակառուցվածքների կատարելագործմանը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ժամանակահատվածում ՎԶԵԲ-ի մասնակցությունն, ներգրավվածությունն ու դերակատարումը առանձնահատուկ կարևորություն են ստանում՝ նպաստելով իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը և դրանց կայուն առաջընթացին։

Leave a Comment