Վենեսուելայի մայրաքաղաքից դեպի արևմուտք տեղի է ունեցել երկու հզոր ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդով: Դրա հետևանքով Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները մեծաթիվ զոհեր են կանխատեսում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մոտ մեկ րոպե անց:
«Հավանական են մեծաթիվ զոհեր և լայնամասշտաբ ավերածություններ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, կրում է համատարած բնույթ»,- հայտարարել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ, ըստ նախնական գնահատականների, զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ:
Իշխանություններն առայժմ զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ չեն տրամադրել: «Կարակասում որոշ շենքեր են փլուզվել»,— պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն, հաղորդում է «Reuters»-ը:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Նա նաև տեղեկացրել է, որ երկրաշարժի պատճառով ստացած վնասվածքների պատճառով Կարակասի միջազգային օդանավակայանը փակվել է, փոխանցում է «Reuters»-ը:
Երկրաշարժի ժամանակ շատ վենեսուելացիներ գտնվում էին տանը. այդ օրը երկիրը նշում էր Կարաբոբոյի ճակատամարտի (1821թ.) տարեդարձը, երբ Սիմոն Բոլիվարի բանակը հաղթանակ տարավ իսպանական զորքերի նկատմամբ և ապահովեց Վենեսուելայի անկախությունը:
