Աստծո բարեկամությունը

Աստծո բարեկամությունը

25.06.2026 | 00:03

Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների ընկերը:

Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը: Ես այլափոխում եմ դրանք: Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում` հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհն անգամ, կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունը այլափոխում է այն:

Հանգստի օրվա՝ շաբաթի խաղաղությունը թող համակի ձեր սիրտն ու միտքը: Կյանքի մտահոգություններից ու սրտացավերից ձերբազատվեք այդ օրը, կանգ առեք զբաղված կյանքի մայրուղու վրա և հանգիստ ու դադար առեք:

Երբևէ պատկերացրե՞լ եք այն սքանչելիքները, որ կարող եք ունենալ Ինձ հետ բարեկամություն անելիս:

Մտածե՞լ եք, արդյոք, թե ինչ է նշանակում ի զորու լինել հարկ եղած պահին կանչել Աշխարհի Արարիչ Աստծուն:

Անգամ երկրավոր թագավորին ներկայացնող առանձնաշնորհյալ այցելուի համար կա պալատի նախասենյակը ու սպասասրահը և ընդունման ժամը, որ թագավորի հաճույքից է կախված:

Սակայն Իմ հետևորդներին Ես իրավունք եմ տվել` մտնել Իմ ներկայության մեջ, երբ որ կամենան, դեռ սրանից էլ ավելին եմ տվել:

Նրանք կարող են կանչել Ինձ իրենց անկողնու մոտ կամ իրենց վաճառատանը, և Ես այնտեղ եմ գալիս:

Աստվածային սերը սրանից ավելին կարո՞ղ է անել: Քո ամենամտերիմ երկրավոր բարեկամն անգամ չի կարող քո կողքին լինել անմիջապես, բայց քո Տերը, քո Իշխանը, քո Աստվածային Բարեկամը կարող է:

Երբ մարդիկ կամենում են պաշտել Ինձ` պատկերացնում են այն աշխարհները, որոնց վրա Ես իշխանություն ունեմ, մտածում են արարչության մասին, համատարած կարգ ու կանոնի մասին, և այդ ժամանակ է, որ ապրում են երկյուղը, որ հետևում է պաշտամունքին:

Ասում եմ ձեզ՝ ապրեք երկյուղը, ապրեք բաղձանքը` երկրպագելու Ինձ սքանչացումի մեջ հիացքի, սակայն մտածեք նաև Իմ Բարեկամության մասին:

Մտածեք, անգամ առօրյա կյանքի ամենատխուր իրադրությունների ժամանակ:

Մեկնաբանություններ

Leave a Comment