Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելից չի պահանջում զորքերը դուրս բերել Հարավային Լիբանանից. մի պայման, որը Լիբանանը առաջ է քաշում հրադադարի շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Թել Ավիվում տեղական առաջնորդների համաժողովի ժամանակ տված հարցազրույցում Կացը նշել է, որ Իսրայելն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը. այն չի ծրագրում դուրս բերել զորքերը։ Նրա պնդմամբ՝ այս պահին Վաշինգտոնը նույնպես համապատասխան պահանջ չի ներկայացրել։
«Մենք հայտարարել ենք, որ ամեն դեպքում չենք նահանջի, և այս պահին, ու սա դիվանագիտական ձեռքբերում է, չկա ամերիկյան պահանջ՝ Լիբանանից Իսրայելի դուրսբերման վերաբերյալ»,- ասել է Կացը։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք բանակը կկատարի՞ ԱՄՆ հնարավոր պահանջը ապագայում, նախարարն ընդգծել է, որ իրավիճակը քննարկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիրքորոշումը հասցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հայտարարելով, որ իսրայելական ուժերը Լիբանանում են՝ Իսրայելի հյուսիսի բնակիչներին պաշտպանելու համար։
Միաժամանակ, Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հանդես է եկել երկրի հարավում իսրայելական ռազմական ներկայության և լիբանանյան գործերին արտաքին միջամտության դեմ՝ Վաշինգտոնում ընթացող բանակցությունների ֆոնին, որտեղ քննարկվում են հնարավոր կարգավորման և «Հըզբոլլահ»-ի զինաթափման չափանիշները։
Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի ծավալուն դիվանագիտական գործընթացի ֆոնին։