Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ

Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ

Սանկտ Պետերբուրգում բացահայտվել է բանկային խոշոր գողության գործ, որի շրջանակում կասկածվում են նույն ֆինանսական կազմակերպության երկու աշխատակցուհիներ՝ մասնաճյուղի ղեկավար Աննա Անդրեևան և մենեջեր Մարինա Պորիվաևան։

Քննության տվյալներով՝ նրանք մեղադրվում են բանկի հատուկ պահեստից շուրջ 9000 ոսկե ներդրումային մետաղադրամների հափշտակության մեջ։ Խոսքը «Պոբեդոնոսեց» տեսակի մետաղադրամների մասին է, որոնք թողարկվում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից և ունեն ինչպես ներդրումային, այնպես էլ հավաքածուի արժեք։ Գողացված մետաղադրամների ընդհանուր արժեքը, նախնական գնահատմամբ, գերազանցում է 2 մլրդ ռուբլին։

Իրավապահների վարկածով՝ հափշտակությունը կարող էր իրականացվել երկար ժամանակահատվածում՝ աստիճանաբար, առանց անմիջապես կասկած հարուցելու։ 2026 թվականի հունիսի 20-ին բանկում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել է խոշոր պակասորդ, որից հետո սկսվել է ներքին և քննչական գործընթաց։

Քննության համաձայն՝ Անդրեևան, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Մարինա Պորիվաևայի և դեռևս չպարզված այլ անձանց մասնակցությամբ, կազմակերպել է մետաղադրամների դուրսբերումը պահեստից։ Խոսքը տարբեր անվանական արժեքներով մետաղադրամների մասին է՝ 50, 100 և 200 ռուբլի։ Ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 8 900 միավոր, որի քաշը, գնահատմամբ, անցնում է 160 կիլոգրամը։

Քննիչների տվյալներով՝ գողացված մետաղադրամների մի մասը հնարավոր է իրացվել է այլ բանկային կառույցների միջոցով՝ շուկայական արժեքից ցածր գնով, որպեսզի չառաջացնի կասկած։ Սակայն հիմնական ծավալի գտնվելու վայրը մինչ այժմ հայտնի չէ։

Դեպքի բացահայտումից հետո երկու աշխատակցուհիներն էլ բերման են ենթարկվել։ Դատարանի որոշմամբ՝ Աննա Անդրեևան կալանավորվել է, իսկ Մարինա Պորիվաևան տեղափոխվել է տնային կալանքի։

Գործը քննվում է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն։ Եթե մեղքը հաստատվի, նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Իրավապահները շարունակում են պարզել ինչպես գողության ամբողջական մեխանիզմը, այնպես էլ հնարավոր բոլոր մասնակիցների շրջանակը։ Այս պատմությունն արդեն անվանել են «դարի գողություն»՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև համաշխարհային չափանիշներով։

 

Leave a Comment