17:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանը հեռացում է Ռուսաստանից, ՀՀ պետական դրոշների նախագիծը, ՌԴ վառելիքային ճգնաժամ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

. Bloomberg-ի փոխանցմամբ՝ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս ռուսական ազդեցության ուղեծրից և խորացնում հարաբերությունները Եվրոպական միության հետ: Ի պատասխան սրան՝ Մոսկվան հայտարարել է, որ Երևանն այժմ գտնվում է խաչմերուկում, սակայն երկու երկրները դեռ ունեն շատ ընդհանուր շահեր:

. Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի ֆերմերներից ստացվող արտադրանքը: Ըստ նրա՝ սահմանափակումների ֆոնին անհրաժեշտ է որակի մշտական վերահսկողություն իրականացնել ինչպես դաշտերում, այնպես էլ պահեստներում:

. Դատարանը շուտով կհրապարակի «Հայաքվե» միավորման համակարգողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության որոշումը: Գործի շրջանակներում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ:

. Կառավարությունն առաջարկել է լրամշակել բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ պետական դրոշի պարտադիր տեղադրման վերաբերյալ օրենսդրական նախագիծը: Գործադիրի գնահատմամբ՝ ներկայացված ձևակերպումներն անորոշ են, և անհրաժեշտ է հստակեցնել դրոշի սպասարկման համար պատասխանատու մարմիններին:

. Երևանում պարեկներին վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով կաշառք առաջարկած 65-ամյա վարորդը ձերբակալվել է: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

. Նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարձակումների պատճառով Ռուսաստանում ավիավառելիքի ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Դեֆիցիտի և գների կտրուկ աճի հետևանքով ավիաընկերությունները հայտարարում են թռիչքների տնտեսական իմաստի կորստի մասին:

. Միացյալ Նահանգները պաշտպանական արդյունաբերության խնդիրների պատճառով չի հասցնում բավարարել հրթիռների պաշարների վերականգնման Պենտագոնի պահանջները: Այս հարցը կդառնա Սպիտակ տանը կայանալիք բարձր մակարդակի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը:

. ԱՄՆ նախագահը հերքել է տեղեկություններն այն մասին, թե Իրանը Հորմուզի նեղուցով անցնող նավերից հավելյալ տուրքեր է գանձում: Նա նաև հստակեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին ֆինանսական միջոցներ չի փոխանցել, իսկ սառեցված ակտիվները կուղղվեն մարդասիրական օգնությանը:

 

Leave a Comment