Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը այն բանից հետո, երբ Կոնգոյում իրականացված հումանիտար առաքելությունից վերադարձած բժիշկի թեստը տվել է դրական արդյունք։
Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ վարակված անձը մեկուսացված է, իսկ համապատասխան ծառայությունները սկսել են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և վերահսկման աշխատանքները։ Միևնույն ժամանակ շեշտվում է, որ Եվրոպայի բնակչության համար ընդհանուր ռիսկը գնահատվում է ցածր։
Հիշեցնենք, որ մայիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր արտակարգ իրավիճակ՝ Կենտրոնական Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման պատճառով։ Վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը գերազանցել է 1,048-ը, իսկ մահացել է 260 մարդ։ Չնայած վիրուսի տարածման ցածր ռիսկին՝ մի շարք երկրների օդանավակայաններում խստացվել է սանիտարական վերահսկողությունը։
