
Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգթոնում ընթացող բանակցություններում քննարկում են Լիբանանի հարավում գտնվող տարածքի մի մասը, որն իսրայելական զորքերը գրավել էին «Հեզբոլլահի» հետ հակամարտության ժամանակ, լիբանանյան բանակի վերահսկողությանը փոխանցելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանյան և իսրայելական աղբյուրներին։
Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ լիբանանյան զորքերը նախ պետք է անցնեն ամերիկյան պատրաստություն և ստուգում։ Այդ կերպ ԱՄՆ-ն կկարողանա վստահ լինել, որ այդ զորքերը կապված չեն «Հեզբոլլահի» հետ։ Իսրայելը, իր հերթին, կպահպանի իր ռազմական ներկայությունը Լիբանանի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում։
Նշենք, որ երեկ Վաշինգթոնում մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը: Ինչպես հաղորդում է Asharq al-Awsat-ը, լիբանանյան պատվիրակությունը պնդում է քննարկել հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը՝ Լիբանանի կողմից Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը «անվտանգ, զենքից ազատ գոտի» դարձնելու պարտավորության դիմաց: