Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը, ինչին առարկել էր Հայաստան դաշինքը։
Դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն Armenia Today-ին հայտնել է, որ ՍԴ որոշումը դեռ չի ստացել՝ բովանդակությանը դեռ ծանոթ չէ։
Խուդոյանը միայն նշել է, որ դատարանը Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու մասով հիմքեր չի տեսել։
Հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժերից 7-ը հունիսի 19-ին վիճարկել էին քվեարկության արդյունքները ՍԴ-ում՝ պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Որպես այլընտրանք՝ առաջարկվել է անցկացնել երկրորդ փուլ, կրկնակի քվեարկություն կամ էլ մանդատների բաշխման այլ կարգ կիրառելու առաջարկներ։ ՍԴ-ն ավելի ուշ միավորել էր ընտրությունները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումը։
Դատարանը հունիսի 22-ին որոշել էր, որ գործի քննությանն անհնարին է դատավորներ Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը։ Զեյնալյանը 2018-2019 թվականներին զբաղեցրել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը, իսկ Վարդանյանը մինչ ՍԴ դատավոր դառնալը՝ ՔՊ պատգամավոր էր։
«Հայաստան» դաշինքը պահանջել էր անհնարին ճանաչել նաև Սաֆարյանի մասնակցությունը գործի քննությանը, քանի որ Սաֆարյանը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր, իսկ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքն այժմ նույնպես ՍԴ դիմումատու է։
