Սոցցանցային տիրույթում վերջերս լայն տարածում էր ստացել մի տեսանյութ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է կառավարության անդամների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ Տեսանյութը հրապարակվել է հայերեն ենթագրերով, որոնցում պնդվում է, թե Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հունիսի 18-ին Նախիջևանում նախատեսվող համագումարի ընթացքում ներկայացվելու է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերաբնակեցման տեսլականը, ինչպես նաև մեկնարկելու են գործընթացներ՝ այդ ուղղությամբ հայերի հետ աշխատելու նպատակով։
Տեսանյութի ենթագրերում նաև նշվում է, թե իբր Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո հազարավոր ադրբեջանցիներ հնարավորություն կունենան վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր՝ ոչ թե տանկերով, այլ քաղաքացիական մեքենաներով։
Տեսանյութը տարածվել է այս հարթակում այնուհետև տեսանյութը տարածել են տարբեր քաղաքացիներ։
Սակայն փաստերի ստուգման արդյունքում պարզվել է, որ տեսանյութին կից ներկայացված ենթագրերն ու դրանցում արտացոլված բովանդակությունը չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են կեղծ տեղեկատվություն։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որպես հիմք օգտագործվել է 2026 թվականի մարտի 5-ին հրապարակված տեսանյութը, որը վերաբերում էր Նախիջևանի ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկմանը։ Այդ խորհրդակցության ընթացքում քննարկվել են անվտանգության, ենթակառուցվածքների վերականգնման և ճգնաժամային կառավարման հարցեր, իսկ տարածվող տեսանյութում ներկայացված հայտարարությունները որևէ առնչություն չունեն իրական քննարկման բովանդակության հետ։
Այս դեպքը հերթական օրինակն է, թե ինչպես կարող են իրական տեսանյութերը խեղաթյուրվել՝ դրանց կցելով կեղծ ենթագրեր կամ համատեքստից կտրված մեկնաբանություններ։ Նման ապատեղեկատվական նյութերը նպատակ ունեն հասարակության շրջանում ստեղծել անհանգստություն, ազդել հանրային տրամադրությունների վրա և խաթարել վստահելի տեղեկատվական միջավայրը։
Սոցիալական ցանցերում տարածվող նմանատիպ բովանդակությանը պետք է վերաբերվել քննադատական մտածողությամբ, ստուգել տեղեկատվության սկզբնաղբյուրը և հետևել վստահելի լրատվամիջոցների ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների հրապարակումներին։
Եզրակացություն. Տարածվող տեսանյութի ենթագրերը կեղծ են։ Տեսանյութը վերաբերում է բոլորովին այլ թեմայի՝ Նախիջևանում ստեղծված արտակարգ իրավիճակի քննարկմանը, իսկ դրան կցված քաղաքական բնույթի պնդումները ապատեղեկատվություն են։
Սույն հոդվածը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի (NDF) ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Ընտրական բարեվարքության և տեղեկատվական դիմակայունության ամրապնդում Հայաստանի մարզերում» ծրագրի շրջանակներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Նոնա Մուրադյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։