ԱՄՆ Կոնգրեսի անդամները և «Հայ Դատի» հանձնախումբը պահանջել են ազատ արձակել հայ գերիներին

Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների մասնակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ադրբեջանական գերության 1000-րդ օրվան։ Մասնակիցները պահանջել են նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը (Կալիֆոռնիա) կազմակերպել էր ասուլիսը՝ Կոնգրեսի անդամներ Ջուդի Չուի, Լորա Ֆրիդմանի և Ջիմ Կոստայի հետ համատեղ՝ նպատակ ունենալով մեծացնել ճնշումը այս հարցի շուրջ։

Միջոցառումն անցկացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քվեարկել մի շարք նախաձեռնությունների շուրջ, որոնք ուղղված են Բաքվին պատասխանատվության ենթարկելուն՝ հայկական ինքնիշխանության և միջազգային իրավունքի նորմերի համակարգված խախտումների համար։

Ասուլիսին մասնակցել են նաև ANCA-ի ամառային պրակտիկանտներ Լեո Սարգսյանը և Մարալ Մելքոնյան-Ավետիսյանը։ Նրանք կրում էին շապիկներ, որոնց վրա պատկերված էին ադրբեջանական բանտերում դեռևս պահվող արցախցի ղեկավարների լուսանկարներն ու անունները։

Պրակտիկանտները հանդիպումներ են ունեցել սենատորների և կոնգրեսականների գրասենյակներում՝ կոչ անելով օրենսդիրներին աջակցել հայանպաստ օրենսդրական նախաձեռնություններին և փոփոխություններին։ Կոնգրեսի երկու պալատների անդամները նաև սոցիալական ցանցերում հրապարակումներով նշել են այս օրը և կոչ արել կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Leave a Comment