Լոռու մարզի Գյուլակարակ գյուղի մոտ գտնվող «Սոճուտ» հանգստյան տունը սեփականատերերի ընդդիմադիր հայացքների պատճառով փակվել է, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ հանգստավայրը կապվում է խորհրդային տարիների պաշտոնյա Ալեքսեյ Մատվեյիչի որդու՝ Աշոտ Կիրակոսյանի անվան հետ։ Նա, թերթի տեղեկություններով, մտերիմ է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։
Ըստ հրապարակման՝ հանգստյան գոտին փակվել է հակահրդեհային կանոնների խախտման պատրվակով։ Տնօրինությունը վերացրել է այդ խախտումները և գրավոր դիմել վերահսկող կառույցին, բայց դեռևս պատասխան չի ստացել, գրել է թերթը։
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո դադարեցվել է մի շարք տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որոնք կապվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։ Հունիսի 22-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա»՝ «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած էր ճանաչվել:
Հունիսի 19-ին կուսակցությունից հայտնել էին Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպի» տասնյակ ընկերություններում հարկային ստուգումների մասին։
Ավելի վաղ հայտարարվել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին։ Քաղաքական ուժն այս գործընթացները քաղաքական հետապնդում է որակել։
