Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է խորացնել համագործակցությունը իսլամական երկրների հետ՝ տարածաշրջանում փոխըմբռնման և անվտանգության նոր համակարգի ձևավորման նպատակով։
Նրա խոսքով՝ Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական պետություններին՝ ընդհանուր պատկերացումների ձևավորման և տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետության ստեղծման համար։ Փեզեշքիանը նշել է, որ այս գործընթացում կարևոր դեր կարող են ունենալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Թուրքիան։
Իրանի նախագահը բարձր է գնահատել Պակիստանի վարչապետի կողմից իսլամական երկրների միջև ընդհանուր լեզվի և միասնական մոտեցումների անհրաժեշտության շեշտադրումը՝ այն որակելով արժեքավոր և կառուցողական քայլ։
Փեզեշքիանը նաև ընդգծել է, որ մուսուլմանական երկրները պետք է լինեն միասնական և իրենց հակառակորդների դեմ գործեն համախմբվածության ու համերաշխության ոգով։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ նա նշել է, որ Իրանի և Պակիստանի մեծ ներուժը, առաջնորդների քաղաքական կամքը և ժողովուրդների աջակցությունը կարող են երկու երկրների համագործակցությունը հասցնել այնպիսի մակարդակի, որը կհամապատասխանի իսլամական աշխարհի երկու կարևոր պետությունների դերին և կդառնա տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման ու եղբայրության հաջող օրինակ։
