Վարժական հավաքների պատճառով 10-ից ավելի հոգևորական չի վերադարձել ՌԴ – armeniatoday.am

Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 10-ից ավելի հոգևորականներ Հայաստան կատարած այցի ընթացքում ստացել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր և չեն կարողացել վերադառնալ իրենց ծխական համայնքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թեմի մամուլի ծառայությանը:

Նշելով, որ դրա հետևանքով ծխական համայնքների բնականոն գործունեությունը խաթարվել է, թեմից ընդգծել են, որ «այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտականությունը հայրենիքի նկատմամբ»:

Թեմը նաև մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) արգելել է երկու հոգևորականների վերադառնալ Ռուսաստան: «Քահանա Արսեն Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, Վորոնեժ) և քահանա Երեմիա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն մասնակցում են վարժական հավաքին», – գործակալությունը մեջբերել է թեմի խոսքերը:

Լրագրող Սյուզի Բադոյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԱԾ-ն արգելել է երկու հոգևորականի վերադառնալ Ռուսաստան:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «Զվարթնոց» օդանավակայում հերթափոխություն էին սկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցները և, ըստ տեղեկությունների,  Ռուսաստանից ժամանած մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին ուղարկում են պարտադիր 25-օրյա վարժական հավաքների։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ սահմանային անցակետերում Ռազմական ոստիկանության աշխատակիցները միայն օժանդակում են զինկոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին հաշվառելու և պահեստազորայինների պատրաստության միջոցառումներում ներգրավելու գործում։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հունիսի 15-ին հայտարարել էր, որ ընտրություններին նախորդող օրերին մի քանի հազար քաղաքացիների՝ Ռազմական ոստիկանության հաշվառումների հիմքով, թույլ չեն տվել հատել ՀՀ սահմանը։

Leave a Comment