Իշխանությունները կփոխեն պատգամավորների և կառավարության անդամների երդման տեքստերը

Իշխանությունները նախատեսում են փոխել կառավարության անդամների և Ազգային ժողովի պատգամավորների երդման տեքստերը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել են փոփոխություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով առաջարկվում է գործող երդումից հանել «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման» ձևակերպումը, ինչպես նաև մի շարք այլ դրույթներ, որոնցում հիշատակվում են ազգային և համամարդկային արժեքների պահպանումը։

Առաջարկվող նոր խմբագրությամբ պատգամավորները երդվելու են «հանուն Հայաստանի ինքնիշխանության և հզորացման»՝ պարտավորվելով պաշտպանել Հայաստանի շահերը, նպաստել քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության ապահովմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։ Նոր երդման տեքստն ավարտվում է «Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությամբ։

Նմանատիպ փոփոխությունն են նախատեսվում նաև կառավարության անդամների երդման տեսքտում։ Այստեղ ևս առաջարկվում է հանել «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման» ձևակերպումը։

Նոր խմբագրությամբ կառավարության անդամները երդվելու են «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման»՝ պարտավորվելով ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ներկա ու ապագա սերունդների շահերից ելնելով։

ՀՀ կառավարությունը 2024 թվականի նոյեմբերին հավանություն էր տվել ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկել են փոխել Հայաստանի պետական հիմնի քառատողերի հերթականությունը։

Leave a Comment