Ծառուկյանը նախկինում հարկ չէր վճարում, որ կազինոյում չտարվեն. իսկ հիմա՞ (Տեսանյութ)

Ծառուկյանը նախկինում հարկ չէր վճարում, որ կազինոյում չտարվեն. իսկ հիմա՞ (Տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Էկոնոմիկայի նախարարությունն ուժը կորցրած է ճանաչել Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի՝ «Շանգրի լա» խաղատան կազմակերպման լիցենզիան։

Վերլուծաբան Գարիկ Միսկարյանի դիտարկմամբ՝ Ծառուկյանը Հայաստանում ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգի ամենաբնորոշ ներկայացուցիչներից մեկն է, որը ոչ միայն այդ համակարգի արդյունքն է, այլև տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է դրա պահպանմանն ու վերարտադրմանը․

«2018 թվականի իրադարձությունները գալիս էին փոխելու փողի վրա հիմնված հանրային հարաբերությունները և ձևավորելու ավելի արժանապատիվ ու ազատ միջավայր, որտեղ օլիգարխիան միայն փողը չէ․ այդ փողը վաստակելու անարդար ճանապարհներն են, ընտրակաշառքներից բացի՝ նաև դատական համակարգի կոռումպացվածությունը»։

Բացի այդ, 2023 թվականին Հայաստանի դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով բռնագանձել Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված անձանց վերագրվող մեծածավալ գույքը։ Դատախազության ներկայացրած պահանջի մեջ ներառված էին 79 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 39 ընկերության բաժնեմասեր, շուրջ 86 միլիարդ դրամի ենթադրյալ ապօրինի եկամուտներ, այլ դրամական միջոցներ և պահանջի իրավունքներ։

Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, և վիճարկել են մեղադրանքները։

Մինչ Ծառուկյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով, հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նրա մայրն էլ արդարացնում էր հարկեր չվճարելը։ 2007 թվականին «Ժամանակ Երևան»-ին տված հարցազրույցում Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, խոսել էր հարկերի, բարեգործության և բիզնեսի վերաբերյալ իր պատկերացումների մասին․

«Իյա՜, ասեմ, որ հարկայինը գա գլխիս կանգնի, ասի՝ ինչո՞ւ չես լրիվ ցույց տալիս»։ Այն հարցին, թե ով է մտածում, որ Ծառուկյանները հարկերը թաքցնում են, իսկ հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը դրան էլ հստակ պատասխան ունի. «Շատ էլ լավ ենք անում, եթե այդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում։ Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն։ Շատ կներեք, ես տալիս եմ անապահով խավին, մանկապարտեզներին, բուժօգնությանը, պետությանն էլ ինչքան տվել ենք՝ հերիք է…»։

Միսկարյանի պնդմամբ՝ օլիգարխիկ համակարգի առանձնահատկություններից մեկն էլ սեփական վերահսկողության տակ գտնվող օլիգարխներին ոչ մրցակցային առավելություն տալն է, որոնցից մեկն էլ Գագիկ Ծառուկյանն էր։ Ըստ Միսկարյանի՝ համակարգին անհրաժեշտ էին լծակներ այդ օլիգարխների վրա, և այդ լծակը հենց հակաօրինական գործունեությունն է, որը թույլ է տրվում այնքան ժամանակ, քանի դեռ օլիգարխը լոյալ է համակարգին, և պատժվում է այն ժամանակ, երբ համակարգը դադարում է նրան ընդունել որպես յուրային․

«Գոնե իմ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում գոյություն ունեցող, ձևավորված ու աշխատող ազգային կապիտալը հայ ժողովրդին վերադարձնելու խնդիր է դրվում՝ ոչ թե կոնկրե՛տ ինչ-որ մեկին ունեզրկելո՛ւ ճանապարհով, այլ սահմանափակելով այն կապիտալի կամ դրա տիրոջ հնարավորությունները, որոնք ծառայում են օտար շահին, որպեսզի մեծանա Հայաստանի ինքնիշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Leave a Comment