Մոսկվան հավերժ կարող է կորցնել Հայաստանին. Մովսեսյան

Մոսկվան հավերժ կարող է կորցնել Հայաստանին. Մովսեսյան

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ թեև հայ պաշտոնյաները խոսում են Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության մասին, այդ խոսքերը չեն համապատասխանում Հայաստանի ղեկավարության գործողություններին։

Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքական վերլուծաբան Յուրի Մովսեսյանի հետ։

– Ի՞նչ է նշանակում Զախարովայի հայտարարությունը։

-Իրականում, վերջին շրջանում Ռուսաստանից հնչող այն հայտարարությունների հետևում, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ԵՄ երկընտրանքին, կարծում եմ, ավելի խորքային թեմաներ կան։ Ռուսաստանում էլ են հասկանում, որ Հայաստանը դժվար թե մոտ ապագայում անդամակցի Եվրամիությանը։ Այս խոսքերը, եթե փորձենք այլաբանորեն մեկնաբանել, ավելի շատ կապված են ընդհանրապես Հայաստանի թե՛ տնտեսության, թե՛ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հետ։ Այսինքն՝ երբ նրանք խոսում են ԵՄ ինտեգրման գործընթացների մասին, պետք չէ կարծել, թե հենց դա նկատի ունեն․ նրանց թիրախում, օրինակ, երկաթուղու հարցն է։ Դա նշանակում է, որ Մոսկվայում մտավախություն ունեն, որ Հայաստանն արդեն որոշում է կայացրել երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնելու վերաբերյալ։

Բազմիցս նշվել է՝ քանի դեռ այն գտնվում է ռուսական վերահսկողության ներքո, դժվար թե Հայաստանը երկաթուղային ապաշրջափակում ունենա։ Նույնը վերաբերում է նաև մյուս ոլորտներին։ Նրանք տարբեր հիշատակումներ են անում Թուրքմենչայի պայմանագրի մասին․ այսինքն՝ Մոսկվան ուղղակի հաշտ չէ Հայաստանի՝ որպես անկախ ու ինքնուրույն պետության հանդես գալու մտքի հետ, այլ ոչ թե մտահոգված է նրանով, որ Հայաստանն այս պահին կարող է անդամակցել ԵՄ-ին։ Մոսկվան չի համակերպվում այն մտքի հետ, որ Հայաստանը կարող է կրճատել իր կախվածությունները և դրանք նվազագույնի հասցնել Մոսկվայի հետ հարաբերություններում։

– Ինչպե՞ս կարող են Ռուսաստանի կողմից հնչող նման հայտարարություններն ազդել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման վրա։

Հրապարակող Maro Shorjian

-Իրականում միայն այս հայտարարությունների հիման վրա դժվար է կատեգորիկ պնդումներ անել․ ավելի կարևոր են «հողի վրա» տեղի ունեցող գործողությունները։ Եթե մենք առաջիկայում տեսնենք մի շարք կարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ Հայաստանի քայլերը, ապա այդ դեպքում ավելի սպասելի են Մոսկվայի հակաքայլերը։ Այս պահին տեսնում եմ երկու հարց, որոնք կարևոր են թե՛ իրենց նշանակությամբ, թե՛ պահանջում են հրատապ լուծում։ Մեկը, ինչպես նշեցի, երկաթուղու հարցն է, մյուսը՝ ատոմակայանի ճակատագրի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելը։

Կարծում եմ, եթե Հայաստանը հստակ որոշումներ կայացնի այս առումով և նախընտրի ոչ ռուսական սցենարը (իսկ դա շատ լայն ընդգրկում ունի․ կարող է, օրինակ, երկաթուղին ազգայնացվել կամ տրվել երրորդ երկրի․ հիմա Ղազախստանն է դիտարկվում), նույնը նաև ատոմակայանի ճակատագրի մասով է։ Էներգետիկ անվտանգության տեսանկյունից, եթե Հայաստանը, օրինակ, որոշում կայացնի փոքր մոդուլային ռեակտորներ տեղակայել, որոնց շրջանակներում կհամագործակցի ԱՄՆ-ի հետ, ապա կարող ենք սպասել միտումների, որոնք ցույց կտան, որ Մոսկվան հաստատ կտրուկ քայլերի է դիմելու։

Մյուս կողմից էլ, Մոսկվայում էլ են հասկանում, որ այդ կտրուկ քայլերը կարող են ավելի հեռացնել Հայաստանը։ Իսկ այս պահին Հայաստանի վրա նրանք լուրջ լծակներ ունեն միայն տնտեսական իմաստով։ Եթե տնտեսական լծակներն օգտագործեն, և Հայաստանը, թեկուզ ցավոտ գնով, գնա ավելի մեծ դիվերսիֆիկացման (նաև տնտեսության ու առևտրի մեջ), դա Մոսկվայի համար կնշանակի երկարաժամկետ հեռանկարում կորցնել Հայաստանին։ Հետևաբար, տնտեսական լծակը միակն է, որն էլի կարող է երկիմաստ դրսևորումներ ունենալ։ Ինչպես նշեցի, Մոսկվան հավերժ կարող է կորցնել Հայաստանին, դրա համար առաջիկայում պետք է սպասենք կամ որոշակի մեղմացման, կամ ավելի կոշտ քայլերի, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի էլ ավելի մեծ հեռացմանը։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը սկսել հանդես գալ կոշտ հայտարարություններով։

-Կարծում եմ՝ մի շարք կարևոր ուղղություններով առաջընթաց ունենք՝ դիվերսիֆիկացման նոր գործընկերություններ հաստատելու առումով։ Նաև տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ վերջնական հստակեցումներն ու Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նպաստեցին նրան, որ Մոսկվայում հասկանան, որ իրենք վերջնականապես կորցնում են իրենց ազդեցությունն այս տարածաշրջանում։ Եվ այդ առումով նրանք պետք է դիմեն կոնկրետ քայլերի։ Այս դեպքում չբացառենք նաև ներքաղաքական միջամտությունները, ինչը տեսանք նաև նախընտրական շրջանում։

Այդ ամենն ազդանշան էր Մոսկվայի համար, որ պետք է կամ շատ լուրջ ճնշում գործադրել Հայաստանի վրա (հուսալով, որ ճնշումը կաշխատի, և Հայաստանը կմտափոխվի ու հետ կկանգնի որոշակի քայլերից), կամ էլ, եթե կորցնում ես ամեն ինչ, ապա գործում է Ուկրաինայի սցենարը։ Այնտեղ էլ պարզ էր, չէ՞, որ Ուկրաինան կորցնելու վտանգի առջև են, և գնացին ամենացավոտ քայլին՝ պատերազմի, որն արդեն տարիներ շարունակ ընթանում է, և որևէ լուծում դեռ չի նշմարվում։ Հստակ չեմ կարող ասել՝ ինչ սցենար կնախընտրեն, քանի որ ամեն ինչ սպասելի է։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment