Կոգրեսականները «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա» խորագրով ասուլիս կտան

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կտան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառման 1000-րդ օրվա կապացությամբ, տեղեկացրել է ANCA-ն։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։

Ասուլիսը տեղի է ունենում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը քննարկելու ֆոնին, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։

Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ

Մամուլի ասուլիսի խորագիրն է «1000 օր․ Ազատ արձակեք հայ պատանդներին հիմա»։
Ասուլիսը կսկսվի հունիսի 23-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 17։00-ին (Երևանում՝ հունիսի 24-ին՝ 01:00):

ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 191 մարդ, որից172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։ Բաքվում գտնվող հայ գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 19 է:

Leave a Comment