Մասնավոր հատված համագործակցությամբ փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Փոփոխությունները հօգուտ հարկ վճարողների են։ Հունիսի 8-ից վերանայվել, մեղմացվել և հստակեցվել են հարկերից խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության մեխանիզմները։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Բարձրացվել են հարկերից, տուրքերից կամ այլ վճարներից միտումնավոր խուսափելու դեպքում քրեական պատասխանատվության շեմերը։ Օրինակ, եթե նախկինում խոշոր չափ էր համարվում 10 միլիոն դրամից ավելի գումարը միտումնավոր թաքցնելը, ընդ որում այն կարող էր կուտակվել տարիների ընթացքում, ապա այժմ այս մոտեցումն էապես փոխվել է, 10 միլիոնի շեմը եռապատկվել է, հասնելով 30 միլիոնի և այդ շեմն արդեն վերաբերում է բացառապես մեկ հարկային տարվա ընթացքում միտումնավոր թաքցրած հարկային պարտավորությանը, իսկ շարունակական խախտումների դեպքում օրենսգիրքը նոր մոտեցում է նախատեսել: Հարկերից խուսափելու կասկածով քրեական վարույթ կարող է նախաձեռնվել, եթե միտումնավոր թաքցրած հարկային պարտավորությունների չափը երկու հաջորդական հարկային տարիների ընթացքում գերազանցում է 45 միլիոնը։
Ճիշտ նույն սկզբունքն էլ առանձնապես խոշոր չափի դեպքում է, շեմը 20 միլիոն դրամից բարձրացվել է մինչև 50 միլիոն դրամ, իսկ եթե երկու հաջորդող տարիների ընթացքում միտումնավոր թաքցրած հարկային պարտավորության հանրագումարը գերազանցում է 75 միլիոն դրամը, ապաայն ևս կհամարվի առանձնապես խոշոր չափ։
Սա նշանակում է, որ շեմերի բարձրացման արդյունքում փոքր չափերի խախտումներն այլևս չեն քրեականացվում, ավելին, հոգուտ հարկ վճարողների մի շարք ընթացիկ քրեական գործեր կկարճվեն, իսկ շարունակական և համակարգային խախտումները կթիրախավորվեն։